Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) ուղղությամբ գնացքով ուղեւորափոխադրումների ժամանակացույցը եւ ուղեվարձը որոշվելու է մայիսի վերջին Անկարայում՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ստորաբաժանումների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիթ Թուրհանը:
«ԲԹԿ երթուղով ուղեւորների փոխադրումը կսկսվի Շվեյցարիայի Stadler Rail Group-ի կողմից պատրաստված 10 վագոններով: Որպեսզի գնացքի եւ դրա ծրագրի սկզբունքները որոշվեն, Անկարայում մայիսի 24-25-ը տեղի կունենա հանդիպում: Այս հանդիպման ընթացքում կքննարկվեն շաբաթվա օրերը եւ գնացքի շարժման ժամերը, տոմսերի արժեքը եւ այլ հարցեր, կկայացվեն համապատասխան որոշումներ», – ասել է Մ. Թուրխանը Ադրբեջանի «Ազերթաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, պահանջարկը հաշվի առնելով` ԲԹԿ երկաթուղային ուղղությամբ կանխատեսվում է ուղեւորների բարձր խտություն:
Մ.Թուրխանը նաեւ հաղորդել է, որ ԲԹԿ-ի միջոցով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալն այս երկաթուղու մեկնարկից մինչ օրս կազմել է 184 հազար տոննա, որից 17,5 հազար տոննա բեռ տեղափոխվել է Թուրքիայի տարածքով:
Ինչպես հաղորդվել էր, «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն 2019 թ. նախատեսում է կազմակերպել Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով ուղեւորափոխադրումներ:
Մարտի 29-ին Բաքու է ժամանել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու (ԲԹԿ) շահագործման համար նախատեսված 10 վագոններից բաղկացած ուղեւորատար գնացքը: Կազմը ներառում է ինը մարդատար վագոն եւ վագոն-ռեստորան: Գնացքը նախատեսված է մեկ ուղղությամբ 246 մարդ տեղափոխելու համար եւ այն ունի 160 կմ/ժ արագությամբ շարժվելու կարողություն:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման հանձնվեց 2017 թվականի հոկտեմբերի 30-ին: Ներկայումս այս երթուղով իրականացվում են բեռնափոխադրումներ: Նախնական փուլում ԲԹԿ-ով նախատեսում է իրականացնել մինչեւ 1 մլն ուղեւորափոխադրում եւ 6,5 մլն տոննա բեռնափոխադրում: Սակայն, այս միջանցքով բեռնափոխադրումները նախատեսվում է հասցնել տարեկան մինչեւ 20-22 մլն տոննայի: