Ախալքալաքում վառել են անցյալ տարի տնկած ավելի քան 35 եղևնու ծառերը: Սպասարկման կենտրոնի տնօրենը բնակիչներին կոչ է անում խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին և չվնասել նորատունկերը:
Սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքերով, նորատունկ 200 եղևնիների 98-ը աճել էր, սակայն որոշ բնակիչներ վար անելիս մաքրել են տարածքը և չոր խոտերի հետ վառել են նաև եղևնիները:
«Երեք օր առաջ է եղել, չոր խոտերի հետ վառել են մոտավոր 35 եղևնի: Կոչ եմ անում մեր բնակչությանը ուշադիր լինել շրջակա միջավայրի հանդեպ: Չեմ կարող ասել, որ նպատակաուղղված են վառել, բայց փաստը ցույց է տալիս, որ անտարբեր են բնակիչները: Չոր խոտը հավաքել են, լուցկին նետել են խոտերի մեջ ու հեռացել: Նրանք երևի չեն էլ հասկացել, թե ինչ են արել», – ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի ապրիլի 24-ին նվիրված ծառատունկ է իրականացվել Ախալքալաքից Չամդուրա գյուղ տանող ճանապարհի երկյանքով: 2018 թվականին ծառատունկն իրականացվել էր 250 մետր տարածքի վրա, որտեղ երեք շարքով տնկվել էր 200 եղևնի, յուրաքանչյուրի բարձրությունը տատանվում էր 1,20 սմ մինչև 1,60 սմ: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը տնկիների ձեռք բերման համար ծախսել էր մոտավոր 1400 լարի:
Այս տարի ևս նույն քանակի եղևնիներ են տնկել, սակայն ծախսել են 1800 լարի, որովհետև տնկիները ձեռք են բերվել 9 լարիով: