«Երիտասարդ լեյբորիստների» խումբը բողոքի ակցիա է անցկացնում Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Դավիթ Գարեջի վանական համալիրը «չօկուպացնելու» խնդրանքով նամակը եւ ընկերանալու, այլ ոչ թե թշնամանալու կոչը փոխանցելու փորձը ձախողվեց: Դեսպանատանը պատասխանատու անձ չկար, ով կստանար նամակը:
Երիտասարդ տղաները Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ են գտնվում հետևյալ գրություններով պաստառներով՝ «Մի՛ նմանվեք Ռուսաստանին», «Մենք բարեկամներ ենք, ոչ թե թշնամիներ», «Դավիթ Գարեջին Վրաստանն է» …
Ոչ մարդաշատ ակցիայի ժամանակ կազմակերպիչը կարդացել է նամակը, որտեղ կոչ է անում Ադրբեջանին չփչացնել բարեկամական հարաբերությունները, չօկուպացնել Վրաստանը: Երիտասարդները փորձել են այդ նամակը դեսպանին ուղարկել, բայց դեսպանատուն նրանց չեն թողել` ասելով, որ իրենք չեն աշխատում, եւ պատասխանատու անձ չկա, ով կարող էր ընդունել այդ նամակը:
Ցույցի կազմակերպիչներից մեկը դա անպատասխանատվություն է անվանել, քանի որ աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին, դեսպանատանը աշխատակից չի գտնվել, ով կընդուներ նամակը:
Ցույցը շարունակվում է:
Հնագույն քարանձավային վրացական վանական համալիրը՝ Դավիթ Գարեջին, հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնեց տեղեկություն այն մասին, որ մի քանի օր առաջ ադրբեջանցի սահմանապահները սկսել էին վանական համալիրի մուտքի մոտ տեղադրել տեղաշարժն արգելող նշաններ:
Վրաստանը և Ադրբեջանը 446 կմ ընդհանուր սահման ունեն, որի մեկ երրորդ մասում դեռևս սահմանազատում չի արվել։ Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման վրաց–ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996թ–ին։
Դավիթ–Գարեջին եզակի քարանձավային վրացական վանքերի համալիր է: Այն գտնվում է Թբիլիսիից հարավ-արեւելք 60 կմ հեռավորության վրա եւ լեռնաշղթաների երկայնքով զբաղեցնում է 25 կիլոմետր տարածք:
Համալիրը բաղկացած է մոտ 20 ժայռափոր վանքերից: Համալիրի գլխավոր վանքը համարվում է Սբ. Դավթի տաճարը: Շատ վանք–վանախցերում պահպանվել է VIII—XIV դդ. որմնանկարներ։ Որմնանկարների վրա պատկերված են պատմական դեմքերի դիմանկարներ, այդ թվում՝ Թամար թագուհու:
Համալիրի մեծ մասն, այդ թվում՝ Ուդաբնո վանքը, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող սարի հարավ–արևմտյան լանջին։