Տնտեսություն 30 Ապրիլի, 2019 • Կողմերը համաձայնության չեն գալիս՝ «տուժվում» են մեքենաները

Ախալքալաքում այս տարի փոսային նորոգման տենդեր դեռ չի հայտարարված: Քաղաքապետարանը եւ կատարողը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս անցյալ տարվա վերանորոգման հարցի շուրջ:

Ախալքալաքում փոսերով երթևեկելը վարորդների համար իսկական փորձություն է: Նրանք դժգոհ են փողոցների դժվարանցանելիությունից եւ այն փաստից, որ ստիպված են ամեն օր մեքենաները վերանորոգել: Նրանք ասում են, որ քաղաքում փոսային նորոգումը որակով չի կատարվում, եւ դրանից հին փոսերն ավելի են խորանում եւ մեծանում:

Անցյալ տարի Ախալքալքում փոսային աշխատանքների համար հայտարարվել էր երկու տենդեր, եւ երկու անգամն էլ հաղթել էր «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Ընկերությունն ամբողջ գումարը լրիվությամբ չի ստացել:

Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանն ասում է, որ գումարը չի փոխանցել, քանի որ չի տեսել կատարված աշխատանքների արդյունքները:

«Նրանք մեզ պարտք են 1384 ք / մ ասֆալտ: Մինչեւ նրանք չավարտեն՝ գումարը չեն ստանա », — ասում է Մկրտիչ Մղդեսյանը:

«Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ-ի տնօրեն՝ Նոդար Ինասարիձեն այս տեղեկատվությունը հերքում է եւ ասում է, որ հակառակը, նրանք նախատեսվածից ավելին են կատարել:

«Նրանք մեր դեմ են տրամադրված, չգիտեմ ինչու: Հունիսին (խմբ. 2018 թ.)կատարած աշխատանքի համար, նրանք մեզ վճարեցին միայն այս տարվա փետրվարին: Եղանակային պայմանները խիստ են եւ ձմեռվանից հետո վերականգնողական աշխատանքները դեռ նոր են սկսվում: Ես հո մեղավոր չեմ, որ մինչեւ ձմեռը չգա, նրանք չեն ասում, թե որ փողոցներում անցկացնենք փոսային աշխատանքներ: Դա նրանց մեղքն է, որ դեկտեմբերին են ասում, թե որտեղ եւ ինչ պետք է անել », — ասում է Նոդար Ինասարիձեն:

Սակրեբուլոյի բյուջետա-ֆինանսական կոմիտեի նիստի ժամանակ, ենթակառուցվածքային աշխատանքները քննարկելիս, պատգամավորները քաղաքապետարանից պահանջեցին բացատրություն, թե ինչու մինչև հիմա մրցույթ չի հայտարարվել փոսային նորոգումների համար, քանի որ արդեն մեկ ամիս է, ինչ Սակրեբուլոն հաստատել է այդ աշխատանքների համար 200 000 լարի:

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության վարչության պետ Ալբերտ Նահատակյանն ասաց, որ արդեն կատարվել է վնասված մասերի հայտնաբերումը և շուտով տենդեր կհայտարարեն:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն