Ապրիլի 24-ին Վրաստանի տարբեր հայաբնակ համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում: Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և վրաց-թուրքական հարաբերությունները չվնասելու համար դեռ չի ճանաչի:

«Ինչո՞ւ Վրաստանը չի ընդունում հայերի ցեղասպանությունը», հարցն այսպես պարզաբանեց հայագետ, Կրոնների միջև հարաբերությունների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավան։

«Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները այսօր այն փուլում են, որ դրանց քայքայումը Վրաստանի պետության շահերից չի բխում»:

Տարբեր երկրներում ապրող հայ համայնքները աշխատում են այն ուղղությամբ, որ իրենց երկիրը ընդունի ցեղասպանությունը, այլ ոճրագործությունները կանխելու և պատմական արդարությունը հաստատելու համար:

Վրաստանի խորհրդարանում «ցեղասպանություն» բառն առաջին անգամ հնչել է 2002 թվականի ապրիլի 24-ին, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանի կողմից։ Նա առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը, ու բոլորը ոտքի են կանգնել։

Այդ ժամանակ խորհրդարանում 6 հայ պատգամավոր է եղել՝ Հենզել Մկոյանը, Մելիք Ռաիսյանը, Համլետ Մովսիսյանը, Անդրեյ Շուգարովը, Վան Բայբուրթը և Յուրա Խեչոյանը։

Երկրորդ անգամ ցեղասպանության թեման Խորհրդարանում բարձրաձայնվել է 2015 թվականի ապրիլի 15-ին, Ախալքալաքի շրջանի նախկին մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմից։ Նա խորհրդարանում կոչ է արել բոլոր ժողովրդավար պետություններին ընդունել ցեղասպանությունը, որպեսզի ապագայում կանխվի նման հանցագործությունները որևէ ժողովրդի դեմ:

Վրաստանի խորհրդարանի այժմյան մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, ով երկու տասնամյակ է խորհրդարանում է, ցեղասպանության հարցը այնտեղ չի հնչեցրել, սակայն ասում է, որ հարցը բազմիցս ներկայացվել է գրավոր տեսքով, բայց կոմիտեն այն չի վերանայել։ Չնայած դրան, նա լավատեսորեն է մոտենում հարցի լուծմանը։

«Աշխարհի շատ երկրներ ընդունել են այդ հարցը, մեր վրաց եղբայրներն էլ դա գիտեն, ու ժամանակը կգա, մեր Վրաստանի խորհրդարանն էլ այդ հարցը անպայման կվերանայի։ Ու ժամանակը կգա, նույնիսկ Թուրքիան կընդունի։ Ցեղասպանությունը կատարվել է ու դա ամբողջ աշխարհը գիտի», – ասաց Հենզել Մկոյանը։

«Վրաց ժողովուրդը կարեկցում է հայ ժողովրդին ու ընդունում այս ողբերգությունը, – ասում է Լելա Ջեջելավան, – բնական է, որ վրացիները ընդունում են, այն ինչ կատարվել է 1915 թվականին, որպես մեծ ողբերգություն, բայց կընդունի այն պետությունը, թե ոչ, դա արդեն ժամանակի հարց է»։

Նա համարում է, որ երբեք չպետք է ասել` երբեք, և, որ հնարավոր է, Հայաստանն ու Թուրքիան էլ մի օր այս հարցի շուրջ համաձայնության գան։

«Մենք, իհարկե, շատ ենք ցավում այս ողբերգության համար ու համարում ենք, որ այն երբեք չպետք է կրկնվի, բայց զգուշանում ենք մեր պետական հետաքրքրություններից ելնելով, հաշվի առնելով, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում մեր երկիրը», – ասում է նա։

Փորձագետի խոսքերով, Վրաստանը երբևիցե կընդունի հայերի ցեղասպանությունը, եթե հարևան երկրի կախվածությունից զերծ լինի։

Ռիմա Մառանգոզյան