Ժամանակակից կյանքը ենթադրում է սոցիալական ցանցերի անընդհատ օգտագործում, և երբեմն նրանց անջատումը կարող է մեծապես ազդել մեր ամենօրյա գործերին:
Մի քանի օր առաջ Facebook-ի, Instagram-ի, Whatsapp-ի և այլ Messenger-ների անջատումն ամբողջ աշխարհում առաջացրեց դժգոհություն: Մենք որոշեցինք պարզել, թե որքանով է այդ անջատումն ազդել մարդկանց վրա, և որքանով է մեր կյանքն ամբողջությամբ դարձել կախված համացանցից:
Կան մարդիկ, որոնց համար սոցիալական ցանցերն աշխատանքային գործիք են:
«Խմբային զրույցներում(չաթ), աշխատանքի բերումով, Messenger-ներն անհրաժեշտ են: Դրանց միջոցով որոշակի հարցեր կարող են լուծվել շատ արագ, կարելի է կազմակերպել թիմային աշխատանքը: Առանց դրանցնգործընթացը շատ ավելի բարդ է դառնում», – ասում է Գարիկ Մանուկյանը:
Նրանց համար, ովքեր աշխատանքային նպատակներով սոցիալական ցանցերից օգտվում են ամեն օր, նրանց գործունեության մեջ խափանումները կարող են լինել շատ անհարմարավետ:
Մարդկանց մեծամասնության համար սոցիալական ցանցերը և մեսենջերները հաղորդակցության և զվարճանքի միջոց են: Շատերն ափսոսանքով են նշում են, որ այս պահին իրենց կյանքը մեծապես կախված է ինտերնետից, ևբայդ փաստը նրանց շատ է վշտացնում:
«Երբեմն ցանկանում ես ջնջել հավելվածը, որպեսզի մուտք չգործես, քանի որ գիտակցում ես, որ դա նման է թմրանյութից կախվածությանը», – նշում է Ամալյա Տերչանյանը:
«Մեկ անգամ, երբ Instagram-ը կես օրով անջատեցին, ես գրեթե հիստերիկ վիճակում էի»:
Մեկ այլ աղջիկ էլ խոստովանում է, որ ապրիլի 15-ին սոցիալական ցանցերի և մեսենջերի անջատման ժամանակ նա չգիտեր, թե ինչով զբաղվել:
«Բայց, բարեբախտաբար, Telegram-ը աշխատում էր», – մեջբերում է նա հոգոց հանելով: Աղջիկը գտնում է, որ առանց սոցիալական ցանցերի կարելի է ապրել առավելագույնը մեկ շաբաթ, և անհնար է պատկերացնել կյանքն առանց դրանց, քանի որ մենք շատ ենք կախված դրանցից:
Հարցվածներից ոմանք այդ օրվա խնդիրները նույնիսկ չեն նկատել, բայց, այնուամենայնիվ, խոստովանում են, որ այժմ սոց.ցանցերը զբաղեցնում են իրենց կյանքի զգալի մասը:
«Հնարավոր է, սկզբնական շրջանում դժվար լինի առանց սոցիալական ցանցերի, բայց ընկերների հետ հաղորդակցվելը կարող է պահպանվել և այլ ձեւերով, նաեւ տեղեկատվություն գտնելը: Անհրաժեշտության դեպքում, ես կարծում եմ, որ առանց դրանց նրանց երկար ժամանակ կկարողանամ դիմանալ», – ասում է Նելլի Թումասյանը:
«Եթե ինձ հարցնեին, արդյո՞ք ցանկանում եմ հրաժարվել սոցիալական ցանցերից, ես, իհարկե, կհրաժարվեի: Բայց, ցավոք, դա միայն մեզանից չէ կախված: Որոշ չափով մենք ակամայից այս ամենի մաս ենք դարձել: Ես հիանալի կերպով պատկերացնում եմ իմ կյանքն առանց սոցիալական ցանցերի, փառք Աստծո, ես մինչև 7-8-րդ դասարանները ապրել եմ առանց դրանց, – մեջբերում է Սիլվիա Իվանյանը:
«Կարծում եմ, որ ես կլինեմ այն քչերից մեկը, ով կցանկանար լիովին հրաժարվել այս ամենից, նույնիսկ ինտերնետից, եւ ապրել, ինչպես խորհրդային տարիներին, առանց այդ հսկայական տեղեկատվական հոսքի»:
Ինչպես տեսնում ենք, համացանցի, մեսենջերների և սոց.ցանցերի օգտատերերի մեծամասնությունն այդքան էլ գոհ չեն դրանց մեր կյանքի վրա ունեցած ազդեցությունից: Շատերը, դա չցանկանալով հանդերձ, իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են վերոհիշյալ հարթակներում, նրանք գիտակցում են իրենց կախվածությունը, սակայն դրանք կարող են հաղթահարել մեծ դժվարությամբ: Եթե հարցվածներից ոմանք շատ չեն տուժել սոցիալական ցանցերի վերջերս անջատվելուց և կարողացել են ինչ-որ այլ զբաղմունք գտնել այդ ժամանակահատվածում, մյուսները չգիտեին, թե ինչ անել այդ ընթացքում:
Ամալյա Բաբայան