«Fin-estate» ընկերությունը, 2015 թ. հուլիսի 1-ից սկսած, օրական վճարելու է 1649 լարի տուգանք, մինչև աշխատանքների հանձնումը, որոնք արդեն երկրորդ անգամն է չեն կարողանում ժամանակին ավարտել:
Ախալքալաքի շրջանի Վարչությունը 2015թ. հուլիսի 10-ից տուգանեց «Fin-estate» ընկերությանը այն բանի համար, որ նրանք չկարողացան ժամանակին ավարտել պայմանագրով հանձն առած աշխատանքները: Հուլիսի 1-ից ընկերության վրա կուտակվելու է մրցույթային (տենդեր) գումարի 0,1 %- ի չափով տուգանք, այնքան ժամանակ մինչ աշխատանքները կավարտվեն:
«Fin-estate» ընկերության տնօրենի տեղակալ՝ Մերաբ Մայսուրաձեն մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ բնականաբար, իրենք տուգանքը կմուծեն, ինչպես նախատեսված է պայմանագրով :
«Ախալքալաքի շրջանի Վարչությունը մեզ մնացած աշխատանքների կատարման համար նախատեսվելիք գումարը դեռ չի փոխանցել: Երբ գումարը փոխանցվի տուգանքը այնտեղից կհանվի: Հիմնական աշխատանքները բոլոր փողոցներում մենք երեկ ավարտեցինք: Այսօր Վարչության աշխատակիցները չափումներ էին անցկացնում: Այժմ կատարում ենք փողոցների տեղային ասֆալտապատում: Աշխատանքները դեռ չենք հանձնել: Հավանաբար կհանձնենք երկուշաբթի»,-ասաց Մերաբ Մայսուրաձեն:
«Fin-estate» ընկերության հետ, շինարարական աշխատանքների կատարման համար, 1.649.200 լարի գումարի չափով, 2014թ. օգոստոսի 7-ին պայմանագիր էր ստորագրվել: Ըստ պայմանագրի ընկերությունը պետք է շինարարական աշխատանքները ավարտեր նոյեմբերի 19-ին, սակայն ժանամակին չկարողացան ավարտել: Ուստի, պայմանագրով նախատեսված ժամկետի մեջ չտեղավորվելու համար, ընկերությունը տուգանվեց: Այդ տուգանքի մեկ օրվա գումարը կազմում է 1649 լարի, սկսած 2014թ. նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 10-ը:
Անորակ ասֆալտապատումից խուսափելու նպատակով, տեղական իշխանությունները 2014թ. դեկտեմբերի 10-ից «Fin-estate» ընկերության հետ պայմանագիրը երկարաձգեցին, պարտավորեցնելով աշխատանքները ավարտել մինչև 2015թ. հունիսի 30-ը: Ընկերությունը աշխատանքները սկսելու էր 2015թ. մայիսի 20-ին և ավարտելու էր մինչև հունիսի 30-ը: Սակայն, այս անգամ ևս, արդեն երկրորդ անգամ, ընկերությունը չտեղավորվեց ժամկետի մեջ և գումար վճարեց:
«Fin-estate» շինարարական ընկերությունը ըստ մրցույթի պետք է վերանորոգեր հետևյալ փողոցները՝ Աղմաշենեբելի, Ուկմերսկայա, Սարկիսյան, Ջավախիշվիլի, Ցերետելի, Չավչավաձե, Թելման, Շահումյան, Ձնելաձե, Վ. Փշավելա, ինչպես նաև մի քանի բարձրահարկ շենքերի բակեր: Պետք է նաև բարեկարգեր մի քանի փողոցների կանաչապատ տարածքներ, իրականացներ մի քանի փողոցների մասնակի վերանորոգում և կատարեր նշագծում: Այդ աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից:
Շուշան Շիրինյան