Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտների ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում, մինչեւ կոնկրետ պատասխան չստանան նոր դպրոցի շենքի կառուցման մասին: Քաղաքապետարանում դեռևս չեն կարող ասել, թե ինչ քայլեր կձեռնարկվի պետության կողմից:

Այսօր, ապրիլի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտների դասադուլը շարունակվում է: Ծնողները պահանջում են, որ գյուղում նոր դպրոց կառուցվի, քանի որ դպրոցի ներկայիս շենքը գտնվում է վթարային վիճակում, ու այնտեղ երեխաներին ուղարկելը վտանգավոր է:

Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խոսքով, այսօր տարբեր դասարանների մի քանի աշակերտ եկել էին դպրոց, սակայն ծնողները նրանց եկել տարել են տուն:

Աշակերտների ծնողները եւ դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը մեծ ակնկալիքներ ունեին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցից: Նրանք ակնկալում էին, որ այդ հարցը նախագահի և տեղական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կքննարկվի: Դասադուլի սկզբում նրանք հայտարարում էին, որ բողոքն արտահայտելու են մինչեւ ապրիլի 14-ը՝ նախագահի գալը, սակայն հետո գյուղում որոշում են չդադարեցնել բողոքը, մինչեւ չստանան կոնկրետ պատասխան:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ ապրիլի 13-ին, Ախալցիխեում, մունիցիպալ իշխանությունների հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է Ազավրեթ գյուղի դպրոցի հարցը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է բարձրացնել այս հարցը համապատասխան կազմակերպություններում:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, նա կառավարությանն ուղարկած նամակների պատասխանը դեռ չի ստացել:

Հիշեցնենք, որ Ազավրեթ գյուղի աշակերտներն ապրիլի 8-ից դասադուլ են սկսել, պահանջելով գյուղում նոր դպրոց կառուցել եւ չեն դադարեցնի այն մինչեւ կոնկրետ պատասխան չստանան:

Արդեն որերորդ տարին է Ազավրեթ գյուղում աշակերտների ծնողները պահանջում են անվտանգ դպրոց:

Ազավրեթում դասերն անցկացվում են ծայրահեղ պայմաններում

Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլուզվում է

Ազավրեթ գյուղի դպրոցը ընդլայնման կարիք ունի

Շուշան Շիրինյան