Նունե Մխիթարյանն Ախալքալաքում ունի իր սեփական ծաղկի խանութը, ամեն օր աշխատանքի է գնում այնպես, կարծես գնում է տոնակատարութան: Ծաղիկները նրա կյանքում հատուկ տեղ են զբաղեցնում:
Նունե Մխիթարյանը 1998 թ.-ից զբաղվում է ֆլորիստիկայով: Սկզբում նա ծաղկի խանութում պարզապես օգնում էր ծնողներին, այն ժամանակ դա նրա համար ապրուստի միջոց էր, բայց աստիճանաբար սկսեց դառնալ հակում:
«Ճիշտն ասած, ես շատ էի ամաչում իմ աշխատանքից: Ես ուզում էի ծաղկի դիզայն սովորել, որպեսզի հարցնեին, թե ով եմ ես, պատասխանեի` դիզայներ, այլ ոչ թե ծաղկավաճառ», – խոստովանում է Նունեն:
Մի օր կանգնած վաճառասեղանի հետևում, նա որոշեց միավորել մի քանի ծաղիկներ և ստեղծել մի փունջ՝ վատ չստացվեց: Ծաղկեփունջը շուշաններից էր: Հաջորդ անգամ նա ծաղկեփնջին էլի ավելացրեց ծաղիկներ, այնուհետև նորից ու նորից, և այդպես էլ ամեն ինչ սկսվեց:
Նունեն հատուկ կրթություն չունի: Այն ամենը, ինչ նա կարող է հիմա, տարիների փորձի և սխալների արդյունքն է: «Գիտե՞ք, թե որքան ծաղկեփնջեր եմ ես նետել», – ծիծաղում է հերոսուհին:
Նունեն սիրում է ստեղծագործել, զբաղվում է երգեցողությամբ, բայց բացի ֆլորիստիկայից այդպես էլ չի հաջողվել զբաղվել այլ բանով, ըստ նրա, երբ խորանում ես այս ոլորտում, այլ բանի համար հնարավորություններ չեն մնում:
Այսօր Նունեն երկու խանութ ունի` Երևանում և Ախալքալաքում: Ի՞նչն է նրան ստիպել կապել սեփական բիզնեսը մեր փոքրիկ քաղաքի հետ: Ինչպես պատմում է հերոսուհին, ավելի քան մեկ տարի առաջ նա ստացել էր առաջարկ Ախալքալաքում կամ Բաթումիում խանութ բացել և համաձայնել էր, ընտրելով առաջին տարբերակը, այստեղ ավելի հարմար և ավելի մոտ է Երևանից հասնելու համար:
Ախալքալաքում ծաղկի բիզնեսն, ըստ Նունեի, ունի իր առանձնահատկությունները: «Օրինակ, ես չեմ սիրում աշխատել արհեստական ծաղիկներով, բայց այստեղ տարբեր միջոցառումների ժամանակ պատվիրում են հենց դրանցից: Իհարկե, ես պատվերը կատարում եմ, բայց դա արդեն իմ ոճը չէ», – կիսվում է նա:
Նունեն նաև խոստովանում է, որ տեղացիների ճաշակը սպեցիֆիկ է, սակայն շատերն արդեն սկսում են հարմարվել իր նորույթներին:
«Ինձ ասում էին, որ այստեղ չեն հասկանա: Այստեղ մեծամասնությունը, բացի վարդերից և գերբերաներից ոչինչ չգիտեն, և վաճառողները կանգնում են դրա վրա, իսկ ես բերում եմ նոր, անսովոր տեսակներ, և մարդիկ դա գնահատում են: Նրանք նորույթները տեսնում են և կամաց-կամաց սովորում», – ասում է Նունեն:
Նունեի խանութում դուք կարող եք տեսնել ֆրեեզիաներ, թեյավարդեր, ալստրեոմերիաներ, չինական վարդեր և այլ անսովոր ծաղիկներ, որոնք նա նաև հետաքրքիր կերպով համադրում է միմյանց հետ: Մտահաղացումներն առաջանում են այն ընթացքում, երբ Նունեն ընդունում է պատվերը: Նա փորձարկում է տարբեր տարբերակներ՝ կիրառում, նայում, համեմատում: Ծաղիկները, որոնք ամբողջովին անտեսանելի էին, աչքի առաջ վերածնվում են ծաղկեփնջի, աչք շոյելով իր գեղեցկությամբ և ինքնատիպությամբ:
Նունեն արդեն ունի «սեփական» հաճախորդները, որոնք սպասում են նրան, նույնիսկ եթե նա քաղաքում չէ՝ թե Երևանում, և թե մեզ մոտ:
Հարցին, թե որքան ժամանակ է նա պատրաստ Ախալքալաքում բիզնես անել, Նունեն պատասխանում է, որ ցանկացած գործ ժամանակ և ջանք է պահանջում:
«Երբ դու բացում ես բիզնես, դու պետք է պատրաստ լինես, որ առնվազն մեկ տարի դու լավագույն տարբերակում զրոյի վրա պետք է լինես, գուցե և մինուսի մեջ: Խանութն արդեն բաց է, այն աշխատում է, մենք պետք է շարունակենք և զարգանանք», – ասում է Նունեն:
Ամալյա Բաբայան