Ախալքալաքի շրջանի հանրային դպրոցների աշակերտների գերակշիռ մասն ուրախ է ավարտական քննությունների չեղարկման փաստով, որովհետև, այդպիսով բոլորը ավարտական վկայական կստանան: Սակայն ուսուցիչները մտահոգ են:
Ապրիլի 8-ին Վրաստանում ընդունվեց օրենք դպրոցական ավարտական քննությունների չեղարկման մասին, ըստ որի 11 և 12-րդ դասարանցիների համար ավարտական քննություններ այլևս չեն լինի։
«Ում համար լավ չի՞ որ»,- ավարտական քննութունների չեղարկման մասին խոսելիս Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն այսպես են արտահայտվում:
Ավարտական դասարանների աշակերտները քննությունների չեղարկումը դրական են համարում, որովհետև այդպիսով ավարտական վկայական կստանան իրենց բոլոր համադասարանցիները և կավարտեն դպրոցը, իսկ նախկինում «շփոթվելու» պատճառով «դասարանի կեսը», կամ նույնիսկ լավ սովորող աշակերտը կարող էր կտրվել քննությունից։
«Ես շատ ուրախացա, որ քննությունները հանեցին, եթե 12 տարի սովորում ես դպրոցում ամեն դեպքում իրավունք ունես մի «թղթի կտոր» ստանալու։ Շատ կուզենամ, որ ամեն մարդ որոշի ինչ առարկա է իրեն հետաքրքրում ու ավելի խորանա դրա մեջ, որպեսզի մասնագիտորեն նախապատրաստված լինի, այլ ոչ թե ամեն ինչից, մի քիչ», – ոգևորված պարզաբանում է 11-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը։
«Լավ է, որովհետև կարող էր լավ սովորող աշակերտը լարվածության պատճառով չկարողանար հանձնել քննությունը, իսկ ծույլ աշակերտն առանց դասերին ներկա գտնվելու քննության էր մտնում և պատահականության սկզբունքով քննություն էր հանձնում: Այստեղ մենակ սովորողն է տուժվում»,- նշում է աշակերտներից մեկը:
Չնայած քննությունների չեղարկումը աշակերտների մի մասը մեծ ուրախությամբ է ընդունում, բայց ոմանք այնքան էլ ոգևորված չեն այս լուրը լսել։
Ախալքալաքի թիվ 4-րդ դպրոցի շրջանավարտի կարծիքով ամեն դեպքում քննությունները պատճառ էր հանդիսանում, որպեսզի աշակերտը սովորի և նորմալ հաճախի դասերի։
«Քննությունները լավ էին, որովհետև նույնիսկ այն երեխաները ովքեր չէին սովորում վերջին տարում գոնե քննություն հանձնելու համար պարապում էին: Իմ կարծիքով լավ էր, երբ քննություն կար, հիմա միայն ընդունելության համար են պարապում ու սովորում»:
Ի տարբերություն շրջանավարտների, որոնց մի մասը դրական է ընդունում ավարտական քննությունների չեղարկումը, իսկ մյուս մասը՝ բացասական, ուսուցիչների կարծիքը միանման է: Ուսուցիչները մտահոգ են և դժգոհ Կրթության և գիտության նախարարության այս փոփոխություններով, ասելով՝ «գոնե այդ պատճառաբանումով աշակերտը գալիս էր դպրոց ու ամեն դեպքում ձգտում ատեստատ ստանալ, իսկ հիմա շատերը նույնիսկ չեն էլ հաճախում դասերի»:
Ռիմա Մառանգոզյան