Russian      Georgian

Այս տարի Ախալքալաքից FLEX ծրագրի հաղթողներ են դարձել Մարտին Փալանջյանը և Լիկա Մանասյանը: Մինչ նրանք հավաքում են իրենց ճամպրուկները և պատրաստվում Ամերիկա մեկնելուն, մենք նրանց խնդրեցինք մի փոքր կիսվել իրենց սպասելիքներով, պատմել մասնակիցների ընտրության պրոցեսի և իրենց ապագայի պլանների մասին:

Մարտինն էլ, Լիկան էլ նախընտրական փուլին մասնակցել են երկու անգամ, և այս անգամ նրանց ի վերջո հաջողվեց հասնել իրենց նպատակին:

«Ես երազել եմ Ամերիկայի մասին դեռ մանկուց», – կիսվում է Լիկան:

Նրանք այս ծրագրի մասին իմացել են դպրոցից, իրենց ծանոթներից: Քաղաքում շատ են խոսում այս ծրագրի մասին:

«Քույրս մի քանի տարի առաջ նույնպես հայտ էր ներկայացրել: Սկզբում, առաջին անգամ ես որոշեցի պարզապես փորձել իմ ուժերը, ես նույնիսկ չէի ուզում դրական պատասխան ստանալ: Այն ժամանակ, կարելի է ասել, պարզապես չանցա հանգամանքների անհաջող զուգադիպության պատճառով: Այս տարի ես գրեթե համոզված էի, որ կանցնեի», – ասում է Մարտինը:

martin2

Ի տարբերություն Մարտինի, Լիկան երկրորդ անգամ հայտագրվել էր նախընտրական փուլին գրեթե պատահականորեն:

«Ես մեկ օր առաջ էի վերադարձել Ռուսաստանից, երբ ինձ զանգահարեց մեր դասղեկը և ասաց, որ վաղը Նինոծմինդայում կայանալու է առաջին փուլը: Ես երեք ամիս գիրք չէի բացել, այդ իսկ պատճառով հույս չունեի, բայց փորձը փորձանք չէ: Արդյունքում նրանք զանգահարեցին ինձ և ասացին, որ ես անցել եմ», – պատմում է Լիկան:

FLEX ծրագիրը արդեն գոյություն ունի 25 տարի, որը հնարավորություն է ընձեռում աշակերտներին՝ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից և այլ երկրներից, մեկ տարի ուսում ստանալ Ամերիկայում, սովորել դպրոցում և ապրել հյուրընկալ ընտանիքում: Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան աշակերտները: Ընտրությունը տեղի է ունենում 3 փուլով: Առաջին փուլում անգլերեն լեզվի իմացության պարզ թեստ է տրվում, երկրորդ փուլում` 45 րոպեի ընթացքում շարադրություն, իսկ եզրափակիչը ներառում է հարցազրույց անգլերեն և հայերեն լեզուներով, 4-5 հոգանոց խմբակայյին խաղ, ևս մեկ շարադրություն և ավելի բարդ մակարդակի լեզվի իմացությունը ստուգող թեստ:

lika

Լիկան և Մարտինը նշում են, որ կազմակերպիչները ուշադրություն են դարձնում թեկնածուի հոգեբանական պատրաստվածությանը՝ մեկ տարի օտար միջավայրում հաջողակ ապրելու առումով, նրա անձնական որակներին, առաջնորդության հատկանիշների առկայությանը:

Նրանք չեն վախենում երկար ժամանակ ընտանիքից հեռու ապրել: Լիկան արդեն երկար ժամանակ ապրել է միայնակ և վստահ է, որ կկարողանա հաղթահարել:

«Ես շփվող եմ, գիտեմ, թե ինչպես կարելի է մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել, հարմարվել», – ասում է աղջիկը:

«Ես չեմ վախենում նոր, անծանոթ միջավայրից ,քանի որ հեշտությամբ հարմարվում եմ », – կիսվում է նաև Մարտինը:

Լիկան և Մարտինը դեռ անգլերենին վստահաբար չեն տիրապետում, բայց հուսով են, որ առաջին ամսվա ընթացքում նրանք լիովին կմիաձուլվեն նոր միջավայրին և կհաղթահարեն լեզվական խոչընդոտը:

Եզրափակիչը հաղթահարելուց հետո թեկնածուները անանուն նամակներ են գրում իրենց պոտենցիալ ընտանիքին, որով նրանք որոշում են, թե արդյո՞ք նրանք ցանկանում են աշակերտին ընդունել իրենց ընտանիք, թե ոչ: Եթե ընտանիքը դժգոհ լինի մասնակցից, ապա նրան կարող են որակազրկել՝ երկու «մինուսի» ներկայացումից հետո, ինչպես նաև հակառակ դեպքում, եթե մասնակիցը դժգոհ է ընտանիքից: Մարտինը դեռ ծանոթ չէ այն ընտանիքի հետ, որը ընդունելու է նրան, իսկ Լիկան արդեն հասցրել է ծանոթանալ, շփվել և նույնիսկ փոխանակել լուսանկարները: Նա ապրելու է Մինեսոտա քաղաքում, բայց անպայման ուզում է այցելել Լոս Անջելես, Նյու Յորք և Լաս Վեգաս:

«Առաջին ամիսներին, իհարկե, կկարոտեմ իմ հարազատներին, – խոստովանում է Մարտինը, – բայց հետո կդառնաս նրանց նման աշակերտ, կսովորես, կհարմարվես»:

Մարտինն ու Լիկան ուսումը պատրաստվում են շարունակել Երևանում: Երկու հերոսներն էլ արդեն որոշել են, թե ինչով են զբաղվելու դպրոցից հետո: Մարտինն իր ապագան կապում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման հետ, ուստի ցանկանում է ուսումնասիրել այդ ուղղությունն Ամերիկայում, որտեղ այն ավելի զարգացած է: Լիկան ցանկանում է սովորել անգլերեն, կապել ուղին լեզվաբանության հետ, ուստի այդ փորձը հատկապես օգտակար կլինի նրա համար: Երկու հաղթողներն էլ ուրախ են, որ կարողանան բարելավել լեզվի իմացությունը, ծանոթանալ հյուրընկալ երկրի մշակույթին, նոր ծանոթություններ ձեռք բերել և ինչ-որ նոր բան սովորել, իսկ ինչն ամենակարևորն է, ապրել անկախ և հասունանալ: Նրանք վստահ են, որ տարին շատ հետաքրքիր կլինի, և նրանք անհամբեր սպասում են նոր տպավորություններին:

Ամալյա Բաբայան