Այսօր Ախալքալաքի «Ապրիլի 9-ի» այգում բնակիչները հարգեցին 1989 թ. ապրիլի 9-ին ազատության համար պայքարող քաղաքացիների հիշատակը:
Մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, տարբեր պետական կառույցների, տարբեր դպրոցների դպրոցականները, շարքային քաղաքացիները եկել էին հարգանքի տուրք մատուցելու ապրիլի 9-ի զոհերին: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը նույնպես իր հարգանքի տուրքը մատուցեց: Ինչպես և ամեն տարի, ապրիլի 9-ին մարդիկ գալիս էին ծաղիկներով, ծաղկեպսակներով ու մոմերով:
Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ (Պաճուաշվիլի) եպիսկոպոսի հետ միասին քահանաները պատարագ մատուցեցին, իսկ վրացական և հայկական դպրոցների երեխաները վրացերենով բանաստեղծություններ ընթերցեցին:
«Այս օրը, որը Վրաստանում ազգային սգո օր է, այստեղ՝ Ախալքալաքում, ձեր օգնությամբ դառնում է սիրո տոն, սա մեր երկու ժողովուրդների փոխըմբռնման տոնն է: 1989 թ. ապրիլի 9-ը: 30 տարի մենք քայլում էինք Սուրբ Նինոյի ճանապարհով: Մենք Փարավանայով ոտքով եկել ենք այստեղ՝ Ախալքալաք: Այստեղ արդեն կար հուշահամալիր, որը գրեթե ոչ մի տեղ Վրաստանում չկար: Դա ուրախացրեց և զարմացրեց: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք մեկ ենք, երկու եղբայրների ժառանգներն ենք, ես կասկած չունեմ: Հայոսը և Քարթլոսը, մեր նախնիները՝ եղբայրներ էին և մեր ծագումը գալիս է Աստվածաշնչյան պատմությունից, ազգերի ծագումից», – իր ելույթում ասաց Ջավախքում Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ, Նիկոլոզ եպիսկոպոսը:
1989 թ. ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ցույցին հավաքվել էր մոտ 10 հազար մարդ, կառուցելով բարիկադներ 29 բեռնատարներից և տրոլեյբուսներից: Չնայած Թբիլիսիի ՆԳՆ-ի ղեկավարի և Պատրիարք Իլիա Երկրորդի կոչերին, որ հանրահավաքի մասնակիցները ցրվեին, նրանք մնացին հրապարակում:
Ապրիլի 9-ին գեներալ Իգոր Ռոդիոնովը հրամայեց սկսել հանրահավաքի մասնակիցներին հետ մղել: Ցուցարարները սկսեցին լքել հրապարակը, բայց հրապարակի գրեթե բոլոր ելքերը արգելափակված էին ավտոտրանսպորտով, այսինքն` փախուստի ճանապարհները կտրուկ սահմանափակվել էին, ինչի արդյունքում ստեղծվեց խուճապ և զանգվածային ճնշում:
Զինվորները ցուցարարների դեմ օգտագործեցին 73 սանտիմետրանոց ռետինե մահակններ, արցունքաբեր գազ, թեթև հետևակային բահեր, իսկ մեկ դեպքում` հրազեն: Դիմակայության աճին զուգընթաց, հանրահավաքի մասնակիցները կիրառում էին «ռեպրեսիվ ուժերի» դեմ այն, ինչ կար իրենց ձեռքի տակ: Հանրահավաքի 64 մասնակիցները հայտարարել էին, որ ստեղծված ճնշման ժամանակ տուժել են ոչ թե զինծառայողների գործողություններից, այլ ամբոխում անորոշ անձանց կողմից նետված առարկաներից:
Քրիստինե Մարաբյան