Մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Բանակցություններից հետո տարածված հաղորդագրության մեջ Մինսկի խմբի համանախագահները ընգծել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են մի շարք կարևոր գաղափարներ հակամարտության կարգավորման գործընթացում:
«Երկու առաջնորնդներն էլ ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը», – ասվում է հաղորդագրությունում:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ։ Առաջնորդները վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը,նրանք նաև պայմանավորվածություն են ձեռք բերել՝ մշակել մի շարք մարդասիրական միջոցառումներ»։
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները շարունակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առանձնազրույցի ձևաչափով: Այնուհետև քննարկմանը նորից միացել են երկու երկրների համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ:
Միջնորդները նշում են, որ Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել են իրենց նախարարներին մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաեւ համաձայնել են շարունակել ուղղակի երկխոսությունը: