Ախալքալաքում մարտի 27 գիշերը տուն են թալանել: Ռուբիկ Երեմյանի որդին տուն մտնելով բացահայտել է, որ իրենց տանը գողեր են եղել: Անհայտ անձը կամ անձինք մտել են Սանապիռո 55 (Նաբեռեժնայա) հասցեում գտնվող սեփական տուն: Ամբողջ տունը տակնուվրա են արել և գողացել ոսկեղենն ու գումար:
Երեմյաններն անմիջապես ոստիկանություն են դիմել և հայտնել փաստի մասին:
«Մենք երեկ հարսանիքի էինք, տանը մարդ չի եղել: Փոքր տղաս էր առաջինը տուն մտել, տեսել էր որ ամբողջ տունը քարուքանդ վիճակում է: Գումար են տարել ու ոսկեղենը, նույնիսկ մեր հյուրերի փաստաթղթերն ու փողերն են տարել, բացել են ճամպրուկները»,- պատմեց գիշերը թալանված տան սեփականատեր Ռուբիկ Երեմյանը:
Վերջինս նշում է՝ գողերը նախօրոք ծրագիր են մշակել, նրանք իմացել են, որ տանտերերը տանը չեն լինելու: Գողերը տուն են մտել պատուհանից, հավանաբար, երկաթե ձողերի օգնությամբ նրանք բացել են պատուհանը և մտել են տուն:
«Մենք անմիջապես դիմեցինք ոստիկանություն, կրիմինալիստները, էքսպերտները, բոլորն աշխատել են: Ահա տեսնում եք մեր տան վիճակը, ամբողջ Ախալքալաքն այս վիճակին է, մենք ինչ երաշխիք ունենք, որ վաղը տուն չեն մտնի սպանություն կատարելու նպատակով», – ասում է նա:
Ախալքալաքում 2017 թվականին 4-5 խոշոր գողություն էր տեղի ունեցել սեփական տներից: Ախալքալաքի բնակիչները վախով էին տնից դուրս գալիս, որ հանկարծ տունը չմտնեն, չթալանեն, իսկ հարսանիքի գնալիս ամբողջ ոսկեղենը վերցնում էին իրենց հետ: Այդ դեպքերի գողերին չեն գտել մինչ այսօր: