Ախալքալաքի չորս փողոցների որոշակի հատվածների, նախկին զինվորական ավանի երկու հատվածների և Ախալքաղաքը Դիլիսկա գյուղին կապող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այս տարի կսկսվեն երկու ամիս ուշացումով:

Դեռևս այս տարվա մարտի 25-ին Ախալքալաքի շրջանի յոթ փողոցների որոշ հատվածների ասֆալտապատման աշխատանքների համար հայտարարվել էր 1 730 009 լարի արժողությամբ տենդեր: Այդ աշխատանքները ֆինանսավորվում է կենտրոնական բյուջեից: Ըստ էլեկտրոնային տենդերի, դիմումների ընդունման վերջին ժամկետը մարտի 26-ն էր և աշխատանքները պետք է սկսվեր ապրիլ-մարտ ամիսներին, սակայն շինարարական ընկերության հետ վերջնական պայմանագիրը ստորագրվել է 2015 թ.-ի հուլիսի 1-ին:

Ըստ հայտարարված մրցույթի (տենդեր) փաստաթղթերի ասֆալտապատվելու են հետևյալ փողոցների որոշ հատվածներ: Դրանք են՝ Մյասնիկյան փողոց (Դարբինյան խաչմերուկից մինչև Ազատության նրբանցք) 180 560 լարի, Նալբանդյան փողոց (Դարբինյանից մինչև Ազատության նրբանցք) 182 491 լարի, Ազատության նրբանցք (Ազատության փողոցից մինչև Մյասնիկյան) 86 079 լարի, Թումանյան փողոցի մի հատված (սկսած Ռուսթավելի փողոցից մինչև վերջ) 67 735 լարի արժողությամբ: Նախկին զինվորական ավանի տարածքում ասֆալտապատվելու է 239 490 լարի և 105 270 լարի արժողությամբ երկու հատվածներ: Ինչպես նաև Ախալքալաքից մինչև Դիլիսկա գյուղ տանող ճանապարհը 868 384 լարիի չափով:

Հայտարարված մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ: Դրանք են՝ «Javakhavtogza», ՍՊԸ «Рiramida»-ի Բաթումիի մասնաճյուղը և «Niu kastel konstrakshen java» ընկերությունները: Տենդերի նախնական գումարը եղել է 1 730 009 լարի, սակայն աճուրդից հետո տենդերը 1 677 777 լարի գումարով հաղթել է «Niu kastel konstrakshen java» ընկերությունը:

Մարտի 27-ին կայացած տենդերից հետո, փաստաթղթերի տեխնիկական անհամապատասխանության պատճառով տվյալ ընկերությանը որակազրկել են:

Տվյալ դեպքում, եթե ընկերությանը որակազրկում են, ապա համաձայն փաստաթղթերի տենդերը անցնում է աճուրդին մասնակցած երկրորդ հավակնորդին: Այս պարագայում տենդերը պետք է փոխանցվեր ադրբեջանական ՍՊԸ «Piramida» ընկերության Բաթումիի մասնաճյուղին:

Տենդերը երկրորդ ընկերությանը փոխանցումից հետո բավականին երկար ժամանակ է անցել, քանի որ եղել են շատ հարցեր, որոնց պարզման համար մրցույթային հանձնաժողովը ստիպված ժամանակ է ծախսել:

Բացի այդ, տենդերային հանձնաժողովի որոշումը՝ տենդերը ՍՊԸ «Piramida» ընկերությանը փոխանցելու մասին, բողոքարկում է «Javakhavtogza» ընկերությունը: Բողոքարկման պատճառ է հանդիսացել այն, որ «Piramida» ընկերության գլխավոր կազմակերպության և մասնաճյուղի փաստաթղթերը ստորագրել է նույն անձը: Սակայն հարցի քննարկման ընթացքում «Javakhavtogza» ընկերության բողոքը չի բավարարվում և մրցույթային հանձնաժողովը կրկին ճանաչում է «Piramida» ընկերության մասնաճյուղի աշխատանքային իրավունքները:

Բայց պայմանագրի ստորագրման օրը տվյալ ընկերության ներկայացուցիչը հրաժարվում է պայմանագրից:
«Այն օրը, երբ պետք է պայմանագիրը ստորագրեինք, տնօրենը հրաժարվեց պատճառաբանելով, որ չի կարող տեղավորվել նշված ժամկետների մեջ: Մենք հիմա առաջարկություն ենք ներկայացրել տենդերային գործակալություն տվյալ ընկերությանը որակազրկելու պահանջով, որպեսզի տվյալ ընկերությանը գոնե մեկ տարի զրկեն մրցույթների մասնակցելու իրավունքից»,- ասաց Ախալքալաքի շրջանի Վարչության ենթակառույցների ծառայության պետ՝ Ալբերտ Նահատակյանը:

Արդյունքում տենդերը «հասնում» է երրորդ՝ «Javakhavtogza» ընկերությանը: Տվյալ աշխատանքների կատարման պայմանագիրը՝ Ախալքալաքի շրջանի և ընկերության միջև, ստորագրվել է հուլիսի 1-ին: Ըստ Ալբերտ Նահատակյանի խոսքերի, ընկերությունը խոստացել է շինարարական աշխատանքները ավարտել պայմանագրում նշված ժամկետում:

Շուշան Շիրինյան