Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության աշխատակիցները Ախալքալաքում ներկայացրին ազգային ռազմավարության աշխատանքային նոր տարբերակը և գործողությունների պլանը 2015-2020 թ.-ին Վրաստանի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ:
Ախալքալաքում, Զուրաբ Ժվանիայի անվան կառավարման դպրոցի տարածաշրջանային կենտրոնի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության ներկայացուցիչների, տեղական ոչ կառավարական կազմակերպույթունների, ԶԼՄ-ների, մանկավարժների և հասարակական գործիչների հետ:
Հանդիպմանը ներկա մարդկանց ներկայացվեց Ազգային ռազմավարության նոր աշխատանքային տարբերակը և Վրաստանի 2015-2020 թ.-ին ազգային փոքրամասնությունների վերաբերյալ գործողությունների պլանը: Հանդիպման նպատակը ոչ միայն ազգային նոր ռազմավարության ծրագրի ներկայացումն էր, այլև նոր առաջարկներ ստանալ՝ մինչ ռազմավարության ծրագրի հաստատումը:
Ռազմավարության համակարգման աշխատանքները կիրականացնեն Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարությունը և նախարարությանը կից գործող՝ միջգերատեսչական պետական հանձնաժողովը:
Նոր ռազմավարության համաձայն կամրապնդվի կապը ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանների հետ: Հաշվի է առնվելու ոչ միայն մեծ ազգային փորքամասնությունների՝ հայերի և ադրբեջանցիների, որոնք կոմպակտ ապրում են Սամցխե-Ջավախքում և Քվեմո-Քարթլիում, այլև փոքր փոքրամասնությունների՝ քուրդերի, հույների, ուդիների և կիստինների շահերը: Նոր ռազմավարության շրջանակներում աշխատանքներ կտարվեն նաև գնչուների ինտեգրման ուղղությամբ:
Աշխատանքային տարբերակի համաձայն նախատեսվում է բարձրացնել ազգային փոքրամասնությունների մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին: Նախարարության ներկայացուցիչների խոսքերով, նախկինում ազգային փոքրամասնությունների քաղաքական մասնակցությունը սահմանափակվում էր այնքանով, որ տարբեր ծրագրեր են իրագործվել, որպեսզի ազգային փոքրամասնությունները ակտիվորեն մասնակցեն ընտրություններին: Նոր ռազմավարության համաձայն մեծ ուշադրություն է դարձվելու քաղաքական կուսակցությունների հետ աշխատանքին:
«Որպեսզի նրանք մեծ ուշադրություն դարձնեն ազգային փոքրամասնություններին: Ազգային փոքրամասնությունների հետ հանդիպեն՝ ոչ միայն նախընտրական շրջանում, այլև ամբողջ տարվա ընթացքում, ինչպես նաև ցուցակներում հաշվի առնեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Սկսվում է աշխատանքը պետական կառույցների հետ, որպեսզի խրախուսեն և ներգրավեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայությունը պետական ծառայություններում»,- ասում է Վրաստանի պետնախարարության ներկայացուցիչ՝ Թինա Գողելիանին:
Նոր ռազմավարության մեջ ուշադրություն է դարձվում նաև գենդերային հարցին, լրատվամիջոցների հասանելիությանը և փոքրամասնությունների տեղեկացվածությանը: Մեծամասնության (տվյալ դեպքում վրացիների) համար նախատեսվում է տեղեկատվական հանդիպումներ կազմակերպել ազգային փոքրամասնությունների մասին:
Ռազմավարության կարևոր դրույթներից մեկը հանդիսանում է կրթության հասանելիությունը բոլոր մակարդակներում:
«Ամբողջ մի շղթա է, սկսած նախադպրոցական կրթությունից վերջացրած բարձրագույն և մասնագիտացված կրթություն պետք է ներդրվի: Ներդրվել է, ոչ թե առանձին, այլ մի միասնական շղթա: Եթե այդ տարրերից մեկն ընկնում է, ամբողջ կրթական սիստեմը քանդվում է: Մինչ այս քանի որ չկար հետևողականություն ամբողջ այս կրթական շղթայում, կային անհարթություններ և բացասական հետևանքներ»,- ասում է Թինա Գողելիանին:
Նրա խոսքերով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ԲՈՒՀ-եր ընդունելության արտոնյալ՝ 1+4 ծրագիրը գործելու է, քանի դեռ այն ակտուալ է:
«Ոչ կառավարական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները ակտիվ ներգրավվելու են 1+4 ծրագրի իրագործման առաջին տարվա ընթացքում: Այսինքն, այն տարին, երբ սովորեցնում են պետական լեզուն, որը այնքան էլ էֆեկտիվ չի իրականացվել մինչ այս, դրա համար որոշ լրացուցիչ ծրագրեր կիրականացվեն մեկ տարվա շրջանակներում»,- ասում է Թինա Գողելիանին:
Հհանդիպմանը խոսվեց նաև վարչական օրգանների և տարբեր սերվիսների հասանելիության մասին:
«Ազգային փոքրամասնությունները պետք է ոչ մի խնդիր չունենան վարչական օրգանների և սերվիսների հասանելիության հետ լեզվի չիմացության պատճառով: Լեզվի չիմացության խնդիրը դեռ կա, դա կարևոր մարտահրավերներից մեկն է, որ մենք ունենք: Աշխատանքն այս ուղղությամբ ակտիվորեն շարունակվելու է»,- ասաց Թինա Գողելիանին:
Հանդիպմանը խոսվեց նաև ռազմավարության այլ կետերի մասին, ինչպիսին են՝ աշխատանք, մեծահասակների կրթությունը, ենթակառույցների զարգացումը փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված տարածաշրջաններում, ինչպես նաև այն, որ նոր ռազմավարության մեջ ծրագրվում է աջակցել փոքրամասնությունների մշակութային կենտրոններին:
Քրիստինե Մարաբյան