Արդեն մի քանի ամիս է, ինչ Սահմանադրության եւ Վրաստանի օրենսդրության մեջ երկքաղաքացիության վերաբերյալ փոփոխությունները ուժի մեջ են մտել, սակայն ձեռքբերման գործընթացը դեռևս պարզեցված չէ: Երկրի նախագահը գտնում է, որ անհրաժեշտ է աշխատել երկքաղաքացիության ձեռքբերման պարզեցման ուղղությամբ:
«Արտերկրում բնակվող վրացիների համար դեռևս դժվար է Վրաստանի քաղաքացիություն ստանալը, եւ դա անհրաժեշտ է շտկել», – հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում այսօրվա ելույթի ժամանակ:
Վրաստանի խորհրդարանը 2017 թ. սեպտեմբերին ընդունել էր սահմանադրական փոփոխությունները, որոնք արգելում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիությունից զրկումը: Փոփոխությունները ուժի մեջ պիտի մտնեին 2018 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո:
«Արտագաղթողների համար, հատկապես արտասահմանում ծնված սերնդի համար, քաղաքացու կարգավիճակը կարեւոր է հայրենիքի հետ կապը պահպանելու առումով: Ցավոք, պետք է նշեմ, որ երկքաղաքացիության հետ կապված սահմանադրական փոփոխությունը գործնականում դեռ այդքան էլ պարզեցված չէ, ինչպես սպասվում էր: Այժմ մենք համագործակցում ենք Արդարադատության նախարարության հետ,որպեսզի պրակտիկայից ելնելով քաղաքացիության վերականգնման եւ պահպանման ընթացակարգերը ավելի պարզեցնենք», – ասել է Զուրաբիշվիլին, խորհրդարանում նախագահի կարգավիճակով առաջին անգամ ելույթի ժամանակ:
Այսօրվա դրությամբ, քաղաքացիությունը պահպանել հնարավոր կլինի այն դեպքում, եթե նախքան այլ երկրի անձնագիր ստանալը, անձը համաձայնություն ստանա Վրաստանի իշխանություններից, իսկ արդեն 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ցանկացած դեպքում արգելվում է վրացական քաղաքացիությունից զրկելը:
Ինչ վերաբերում է այլ երկրի ծնունդով քաղաքացիություն ստացած երեխաներին, ապա նրանք կպահպանեն Վրաստանի քաղաքացիությունը մինչեւ 18 տարեկանը: Նրանց քաղաքացիությունը պահպանելու համար երեխաների օրինական ներկայացուցիչները պետք է դիմեն Վրաստանի իշխանություններին համապատասխան հայտարարությամբ: