Երեք ամիս առաջ Ախալքալաքի Ճավճավաձե №5 հասցեում տեղադրված «կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի պատճառով հակադրվել են փողոցի բնակիչը, փողոցի վրա գտնվող բուքմեքերական գրասենյակի սեփականատերերն ու քաղաքապետարանը: Նրանցից յուրաքանչյուրն իր տեսակետն է ներկայացնում:
Ուղիղ մեկ ամիս առաջ, փետրվարի 7-ին Միշա Կրմաջյանը հերթական անգամ ականատես է լինում, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը տուգանում վարորդին, ով ավտոմեքենան կանգնեցրել է «կայանելն արգելվում է» ճանապարհային նշանի ազդման գոտում:
Կրմաջյանն այս փողոցում գտնվող բուքմեքերական գրասենյակի սեփականատերերից մեկն է, ականատես լինելով քաղաքացու հերթական տուգանմանը, որոշում է քաղաքապետարանից ճշտել՝ ինչքանո՞վ է օրինական տեղադրված ճանապարհային նշանը: Մեզ հետ զրույցում նա ասաց.
«Արդեն 30-րդ տուգանքն էր այդ օրը, մադիկ իրենց պաշտպանել ել չեն կարող, լեզուն չգիտեն, դրա համար որոշեցի խառնվել։ Ես որպես Վրաստանի քաղաքացի համարում եմ, որ խախտվել են իմ քաղաքացու իրավունքները: Քաղաքապետարանի աշխատակիցները բացահայտ ասում են՝ մենք չինովնիկ ենք, փաստաթուղթ չկա՝ կսարքենք: Ես գրավոր դիմեցի, ինձ պատասխանեցին, որ ամեն ինչ օրինական է, սակայն դա այդպես չէ: Ես գնացի Բաթոյանի մոտ, նա ինձ փորձում էր ապացույցներ բերել և ձեռքին մի փաստաթուղթ էր, որ կազմվել, գծվել էր Զինվորական ավանի ժամանակները և առանց կնիքի: Ինձ չի խանգարում այդ նշանը, պարզապես ես որպես քաղաքացի իմ իրավունքները ոտնահարված եմ զգում, հասկանում եք ինչ է կատարվում, այս քաղաքում եթե քաղաքապետարանի աշխատակից ես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է, սա անթույլատրելի է»,- ասաց Միշա Կրմաջյանը:
Նա ասոմ է, որ նշանը անօրինական է, քանի որ բուքմեքերական գրասենյակի անվտանգության տեսախցիկները նկարահանել են ինչպես Ճավճավաձե փողոցի բնակիչ, Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոնոմիկայի բաժնի աշխատակից Մարտին Թագվորյանը դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյանը ճանապարհային նշանն ամրացնում է էլեկտրական սյունին:
Մարտին Թագվորյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանություն անելուց, պարզապես նշելով, որ ինքը ոչ թե օրենքը խախտել է, այլ վերականգնել է պոկված նշանը:
Նշանը տեղադրվել և նորից պոկվել էր դրանից մոտ մեկ ամիս առաջ:
Այս պատմության մեջ ներքաշված կողմերից Էկոնոմիկայի բաժնում նույնպես խուսափում են պաշտոնական մեկնաբանություն տալուց, մեզ հորդորելով չշտապել հոդվածը հրապարակել և սպասել հարցի լուծմանը:
Ախալքալաքի քաղաքապետն ստեղծված իրավիճակը բնութագրում է որպես՝ «մի կաթիլ մեղրի պատմություն»:
«Կողմերից մեկը եկավ ներկայացրեց, ասացի՝ կստուգենք, եթե անօրինական է դրված, կհանենք, հետո փաստաթղթերը հանեցինք տեսանք, որ ամեն ինչ լրիվությամբ կա: 2015 թվականից այդ փողոցի բնակիչները, 5 թե 6 հոգու ստորագրություն կա, այդ թվում խաղասրահի մենեջերի ստորագրությունը, որտեղ խնդրում են այդտեղ նշան դնել, որ կայանելն արգելվում է, որովհետև անընդհատ խցանում է լինում: Անցած տարի, մայիս ամսից երևի նորից եկել բանավոր դիմել են, թե ինչի 2015 թվականից դիմում են տվել ու արձագանք չի եղել: Մենք ունենք բնակչության բողոքը, ովքեր ասում էին, որ գիշեր-ցերեկ անհանգստացնում են, գալիս կանգնում են, խցանում է ստեղծվում», – ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Բուքմեքերական գրասենյակի սեփականատերերից Միշա Կրմաջյանը չի ժխտում, որ առաջինն իրենք են ճանապարհային նշանը հանել, միաժամանակ պարզաբանում է՝ իրենց մենեջերը չիմանալով է ստորագրել այդ փաստաթղթի տակ:
«Մենք ենք հանել նշանը, սակայն այդ նշանը փաստաթուղթ չունի, երբ քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը կպատրաստի օրինավոր կերպով, թող տեղադրեն, մենք դեմ չենք լինի: Թող օրինավոր իր սյունին, ճիշտ բարձրության վրա տեղադրեն: Նշանն այնքան բարձր է դրած, որ փոքր մեքենաները չեն տեսնում, քաղաքապետարանի աշխատողն իր անձնական շահի համար նշան է դնում գիշերը՝ իր տան դեմը: Բնակիչների բողոքը եղել է 2015 թվին, իսկ իրենք նոր են նշան դնում»,- ասաց Միշա Կրմաջյանը:
Ախալքալաքի քաղաքապետը վստահեցնում է, իր հանձնարարականով քաղաքապետարանի աշխատակիցներից աշխատանքային խումբ է ստեղծվել և որոշում է եղել 12 նոր ճանապարհային նշաններ տեղադրել քաղաքում, այդ թվում Ճավճավաձե փողոցի այդ հատվածում:
«Մայիս ամսվա մեջ իմ հանձնարարությունս կա, աշխատանքային խումբ է ստեղծվել և 10-12 տեղ նոր նշաններ դրել կամ վերականգնել: Խնդրել ենք, որ Սպասարկման կենտրոնն իր ունեցած նշանները տեղադրի, որովհետև գումար չկար դուրս գրած», – նշեց Ունանյանը:
Jnews-ի հետ հեռախոսազրույցում Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենն ասաց, որ իրենք ճանապարհային նշաններ տեղադրելու հրահանգ ստացել են քաղաքապետարանից, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կատարել:
«Քաղաքապետարանից մենք նման հրահանգ ենք ստացել 2018 թվականին, սակայն չենք իրականացրել, որովհետև միջոցներ չի հատկացվել դրա համար: Այս տարվա բյուջեում էլ դրա համար գումար չի հատկացվել: Մեր կազմակերպությունը պետք է տեղադրեր, բայց թե կոնկրետ որտեղ և ինչպես, դա պետք է կարգավորվեր մեր իրավասությունների մեջ չի մտնում», – ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Ախալքալաքի Սակրեբուլոն ևս տեղադրված ճանապարհային նշանների մասին որևէ որոշում չունի:
«Սակրեբուլոն ոչ միայն 2018 թվականին, այլև առհասարակ ճանապարհային նշան դնելու կամ հանելու որևէ որոշում չի ընդունել և չունի: Մեզ նույնպես դիմել են նամակով և մենք պատասխանի մեջ գրել ենք, որ Սակրեբուլոն որոշում չի ընդունել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Փետրվարի 7-ից մինչ օրս ճանապարհային նշանի հետ կապված գործն այնքան է բարդացել, որ նույնիսկ Միշա Կրմաջյանի կինը՝ Նինո Մանասյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա Ախալքալաքի քաղաքապետարանում հաշվապահ էր աշխատում:
Նինո Մանասյանը նշում է. «Ես վիրավորված եմ, որ լինելով քաղաքապետարանի աշխատակից, իմ ամուսնու հետ քաղաքապետարանի աշխատակիցները կոպիտ են և բանի տեղ չեն դրել նրան, որպես քաղաքացու պահանջներին: Ես իմ ամուսնու կողքին կանգնելու համար դիմում գրեցի և փետրվարի 25-ից այլևս չեմ աշխատում քաղաքապերանում»:
Միաժամանակ նշելով, որ իրենց բողոքը նրանում է, որ քաղաքապետարանի աշխատակիցները այս պատմության մեջ նշում են, որ բուքմեքերական գրասենյակի հաճախորդները գիշերը խանգարում են բնակիչների հանգիստը, կեղտոտում են տարածքը և այլն:
«Մեր սրահը աշխատում է ինչպես կանոնով է սահմանված, մինչև երեկոյան ժամը 23:00-ն, հաճախորդները ապահովված են զուգարաններով և աղբամաններով», – նշում է նա:
Այս պատմությանը մեկընդմիշտ վերջ դնելու և լուծում գտնելու նպատակով, Ախալքալաքի քաղաքապետարանը որոշել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որտեղ ներառված կլինեն տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
«Քանի որ սա միակ տեղը չէ, և կան այլ նման տեղեր և ժողովուրդը բողոքում է: Իմ անմիջական հրահանգով հիմա ստեղծում ենք հատուկ կոմիսիա, որի մեջ պիտի ընդգրկենք այնպիսի մարդկանց, որոնք մասնագետ են՝ ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունից, հանրությունից, Սակրեբուլոյի պատգամավորներ, իրավազոր մի մարմին ստեղծենք, որը շրջի քաղաքում, տեսնի որտեղ ինչ է դրված, ժողովրդին հարցնի և միայն ընդհանուր որոշումից հետո տեղադրել որևէ ճանապարհային նշան», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Վրաստանի տեղական կառավարության կոդեքսի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «կ» ենթակետի համաձայն` տեղական նշանակության ավտոճանապարհների կառավարում և տեղական նշանակության ճանապարհների վրա ճանապարհային տեղաշարժման կազմակերպում։ Ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիների պաշտպանություն և կանգնելու օրենքների կարգավորում։
Այս հակադրության բոլոր կողմերը ունեն իրենց ճիշտն ու սխալը, սակայն «Կայանելն արգելվում է» ճանապարհային այս նշանը հստակ ազդակ է Ախալքալաքի տեղական իշխանություններին՝ ուշադրություն դարձնելու և բարելավելու Ախալքալաքի առանց այն էլ անբարեկարգ փողոցներով երթևեկությունը և ամեն ինչ անելու զուտ օրենքով նախատեսված ձևով:
Աղունիկ Այվազյան