Արդեն երրորդ օրն է, ինչ  Ախալքալաքում մեքենաների տեխզննման   շարժական  կենտրոնը սկսել է իր աշխատանքը: Վարորդները դժգոհում են ընթացակարգի երկար տեւողությունից, շատերն էլ անսարքությունների պատճառով տեխզննումը  չեն անցնում:

Փետրվարի 11-ի երեկոյից, Վաչիանի մայրուղու վրա տեղակայված բենզալցակայանը, որտեղ գտնվում է մեքենաների տեխնիկական զննման շարժական կենտրոնը մարդաշատ է: Հավաքվածները ինքնուրույն կազմակերպել են հերթ, կազմել ցուցակ, եւ նրանցից մեկը վերահսկում է հերթը:

Շարժական կենտրոնը սկսում է իր աշխատանքը՝ ժամը 10: 00-ին, իսկ ժամը 9: 30-ից մարդիկ արդեն հավաքվում են:

 «Ես առավոտվանից  եկել եմ, հիմա արդեն ժամը 12:30 է, եւ մինչև հիմա ստուգվել է ընդամենը հինգ մեքենա, իսկ այս կանգնած մեքենան վեցերորդն է: Մանրակրկիտ ստուգում են ամեն ինչ, նույնիսկ նստատեղերի տակը: Եթե այսպես շարունակվի, ապա ստուգումը կտեւի մեկ ամիս: Ես ցուցակում   180-րդն եմ», – դժգոհում է վարորդներից մեկը, ով չուզեց ներկայանալ:   

Շարժական  կենտրոնում աշխատում է 6 աշխատող: Մեկ մեքենայի տեխզննումը տեւում է ավելի քան մեկ ժամ:

Մեր այցելության ժամանակ հերթը վերահսկում էր Արմեն Մովսիսյանը:

 «Ես երբ վերջացնեմ իմ մեքենայի տեխզննումը, ցուցակը կփոխանցեմ մեկ ուրիշին: Մեկ մեքենայի տեխզննումը տեւում է 1 ժամ եւ 20 րոպե: Իսկ Ախալցիխեում այս գործընթացը տեւում է 20-30 րոպե: Գուցե դա աշխատողների անփորձությունից է, կամ էլ նրանք շատ մանրակրկիտ են ստուգում », – ասում է Արմեն Մովսիսյանը:

texosmotr1

Արմեն Մովսիսյանն  ունի երկու մեքենա: Դրանցից մեկը չի անցել տեխզննումը, քանի որ լուսարձակները չէին աշխատում եւ արտանետվող գազի քանակը գերազանցում էր թույլատրելի շեմը: Խնդիրը վերացնելու համար նրան մեկ ամիս ժամանակ է տրվել եւ այժմ նա սպասում է իր երկրորդ մեքենայի ստուգմանը:

Կենտրոնի կողմից նշված խնդիրները շտկելուց հետո երկրորդական տեխզննումն անվճար է, սակայն եթե վարորդը չվերացնի   խնդիրները, ապա նա խախտման համար 50 լարիով կտուգանվի:

Սուրեն Ստեփանյանի մեքենան, արտանետման գազի ֆիլտրերի պատճառով, նույնպես չի անցել տեխզննումը:

Որքան մեքենա է անցել տեխզննում  եւ  քանի մեքենա դեռ չի    անցել, մենք հստակ պատասխան  չստացանք, ոչ շարժական  կենտրոնի աշխատակիցներից, ոչ էլ հավաքվածներից: 

 «Green Way» ընկերության տնօրեն Մալխազ Նադիրաձեն համաձայն չէ այն կարծիքի հետ, որ նրանք դանդաղ են աշխատում:

 «Երեկ մենք բացվել ենք փոքր-ինչ ուշ և սպասարկել ենք  8-9 մեքենա: Մինչ տեխնիկան տեղադրվեց, կարգավորումը կատարվեց, ծրագիրը ստուգվեց ահագին ժամանակ անցավ: Առաջին օրերին նման խնդիրներ միշտ էլ լինում են: Այժմ մինչեւ օրվա ավարտը մենք կսպասարկենք մոտ 15 ավտոմեքենա: Եթե մարդիկ մտածում են, որ որոշ խնդիրներ ունեցող մեքենան կանցնի տեխզննումը, սխալվում են », – ասում է Մալխազ Նադիրաձեն:

Շարժական կենտրոնն աշխատանքային օրերին աշխատում է   մինչեւ ժամը 19: 00-ն: Շաբաթ օրը հնարավոր է աշխատի, իսկ կիրակի օրը կենտրոնի համար հանգստյան օր է:

Շուշան Շիրինյան