Ախալքալաքում 2018 թվականին կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 18 տոննա: Բերքի մեծամասնությունը վաճառվել է դեռևս անցյալ տարվա աշնանը, հողագործները ցանկանում են վաճառել ավելի թանկ, իսկ գնորդները ցանկանում են գնել ավելի էժան:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2018 թվականին կարտոֆիլի բերքատվությունն ավելի բարձր էր, քան 2017 թվականին: Եթե 2018 թ.-ին այն 18 տոննա էր, ապա 2017-ին եղել է 13 տոննա: Բերքատվության առումով 2018 թվականը բարենպաստ էր, սակայն, մունիցիպալիտետի տարբեր վայրերում եղանակային պայմաններից ելնելով, տարբեր ցուցանիշ է արձանագրվել: Օրինակ, որոշ տեղերում կարկուտն ազդել է բերքատվությանը, բացի այդ ոռոգման հնարավորություն ունեցող հողերն ավելի շատ բերք են տալիս, քան այն հողերը, որոնք այդ հնարավորությունը չունեն :
«Դեռ ադրբեջանցիները չեն գալիս, բայց գնորդներ գալիս են Վրաստանի տարբեր վայրերից՝ Թբիլիսիից, Քութաիսից, Բաթումից: Լավ ենք վաճառել աշնանը, մինչեւ նոր տարին: Կարելի է ասել, որ մունիցիպալիտետի կարտոֆիլի 60 տոկոսը իրացվել է: Վաճառել ենք 40-50 թեթրիով: Հիմա կարտոֆիլն արժե 60-70 թեթրի», – ասում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն:
Նրա խոսքերով, անցյալ տարի արտերկրում՝ Հոլանդիայում, Գերմանիայում երաշտ է եղել, հետևաբար, կարտոֆիլի գինն էլ է թանկացել, ուստի տեղական կարտոֆիլի պահանջարկը մեծացել է:
Մխիթար Ջեյրանյանն իր բերքի հիմնական մասը վաճառել է աշնանը, հիմա նա միայն սերմնացու կարտոֆիլ ունի:
« Կարծում եմ, որ Ախալքալաքում պետք է բացել գյուղմթերքների մեծածախ շուկա, որպեսզի մենք չտանենք Թբիլիսի », – ասում է նա:
Աշոտ Կարաբեկյանը իր կարտոֆիլը տարել է Թբիլիսի եւ վաճառել 75 թեթրիով:
«Արդյունքում, նույն գինն է դուրս գալիս, ավելի լավ է վաճառել տեղում: Ես դեռ 3 տոննա կարտոֆիլ ունեմ: Գնորդները մեկ գալիս են, մեկ դադարում են գալ », – ասում է նա:
Կիմիկ Դիլանյանը Էխտիլա գյուղի բնակիչ է: Նրա խոսքերով, իրենց գյուղում դեռ վաճառքի համար շատ կարտոֆիլ կա:
«Ես դեռ շատ քիչ եմ վաճառել, վաճառել եմ 50 թեթրիով: 4 տոննա էլ ունեմ վաճառելու: Բայց գնորդներն էլ շատ չեն, նրանք, ովքեր գալիս են, ուզում են գնել էժանով, իսկ մենք ուզում ենք վաճառել բարձր գնով: Գինը մի պահ բարձրացավ, բայց հետո կրկին ընկավ », – ասում է Կիմիկ Դիլանյանը:
Շուշան Շիրինյան