Միջնադարյան բաղնիքների համալիրը պատահաբար հայտնաբերվել է Ախալցիխե քաղաքում (Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան) տներից մեկի վերանորոգման ժամանակ:

Այն գտնվել է մոտ մեկ շաբաթ առաջ, Ցիխիսձիրի փողոցում, քաղաքի պատմական կենտրոնում`Ռաբաթում: Բաղնիքի մուտքը հայտնաբերվել է Շավաձեների ընտանիքի տան սենյակներից մեկի հատակատախտակի  տակ:

«Երբ սենյակներից մեկում մենք բարձրացրեցինք հատակը, ներքևում  երևան եկան ավերակները… Երբ ես  ամուսնացա եւ բնակություն հաստատեցի այս տանը, հաճախ էի լսում սկեսրոջս շուրթերից, որ ներքևում  ինչ-որ ավերակներ կան, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ ավերակների մասին էր խոսքը»,-  հրատարակությանը պատմել է  տան տիկին Ցիալա Շավաձեն:

Կատարվածի մասին Շավաձեների ընտանիքը, համապատասխան կառույցներին անմիջապես չի տեղեկացրել: Ոչ Մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գործակալությունը, ոչ էլ տեղական իշխանությունները  իրազեկ չեն եղել: Բանն այն է, որ Շավաձեների տանը գործում է  հյուրանոց: Նրանք պլանավորել էին  հայտնաբերված ստորգետնյա սրահները վերածել նոր տարածության՝ հյուրերի համար:

«Նրանք անշուշտ պետք է զանգահարեին Հուշարձանների պահպանության գործակալությանը: Նրանք այստեղ կամայականորեն որեւէ բան անելու իրավունք չունեն: Եթե հուշարձանը վնասեն, ապա նրանք կտուգանվեն վարչական օրենսդրության համաձայն», – ասաց  ՀԿ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչ Քեթի Բեբիաշվիլին:

Սամցխե-Ջավախեթիի պատմական թանգարանում ենթադրում են, որ հայտնաբերվածը թվագրվում է  XVIII  դարին: Փորձագետների կարծիքով, այդ մասին վկայում են՝ այդ պատմական ժամանակահատվածին բնորոշ բաղնիքների գմբեթավոր առաստաղները:

Հարկ է նշել, որ այն ժամանակ Ախալցիխեի ամրոցը Անդրկովկասում ամենաազդեցիկն էր համարվում: Հենց այդ ժամանակ այնտեղ կառուցվել է մզկիթը եւ ժողովարանը, որոնք պահպանվել են մինչ օրս: Բացի այդ, Ռաբաթի շրջանում հայտնաբերվել են՝  նույն ժամանակահատվածում կառուցված, մի քանի բաղնիքների համալիրների  ավերակներ:

Շուտով հայտնաբերված օբյեկտի տեղանքում հուշարձանի մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնեն  Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մասնագետների խումբը: