Այն պատճառով, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներին  մսով եւ մսամթերքով ապահովման  հարցը լուծված չէ, արձակուրդներն  երկարաձգվել են մինչեւ հունվարի 28-ը:

Ամանորյա արձակուրդներից հետո, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները, ինչպես բոլոր մյուսները, գրիպի վիրուսի պատճառով երկարաձգեցին արձակուրդները մինչեւ հունվարի 21-ը: Սակայն, հետո հայտնի դարձավ, որ արձակուրդները կրկին  երկարաձգվել են մեկ շաբաթով՝  մինչեւ հունվարի 28-ը:

Երկարաձգման պատճառն այն է, որ մանկապարտեզներին  մսով եւ մսամթերքով    մատակարարման տենդերը  դեռևս  չի կայացել:

Մանկապարտեզների միության տնօրեն Զարուհի Բարբարյանը մեր հարցերին չպատասխանեց, ասելով, որ իրեն  հարմար չէ խոսել. «Եթե   հարմար լիներ, ապա երեկ կպատասխաներ»:

Մենք պարզաբանման համար դիմեցինք Ախալքալաքի մունիցիպալիտետի   Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովին.

«Գնումների գործակալությունը ցանկանում էր, որ իրենք հայտարարեին տենդերն   ամբողջ Վրաստանի համար, ուզում էին անցկացնել կոնսոլիդացված տենդեր, չստացվեց, ասացին ինքներդ հայտարարեք էլեկտրոնային տենդեր:  Մեկ անգամ  հայտարարեցինք, բայց  մասնակից չեղավ: Հիմա մենք կրկին վերանայում ենք   նախահաշիվը  եւ, ամենայն հավանականությամբ, կավելացնենք գումարը եւ կուղարկեք այն Սակրեբուլո՝ հաստատման համար: Մանկապարտեզները կբացվեն հունվարի 28-ին, երեխաները մեկ շաբաթ  կարող են   առանց մսի դիմանալ,    նրանց կարող են կերակրել ձկան եւ հավի մսով », – պարզաբանեց Վալերի Ստելմաշովը:

Սակրեբուլոն դեռ քաղաքապետարանի կողմից հաստատման համար փոփոխությունների փաթեթ չի ստացել:

Հիշեցնենք, որ տարբեր ապրանքների, այդ թվում՝ մսի եւ մսամթերքի համար տենդեր-մրցույթները,  հայտարարվել էին անցած տարվա վերջում: Արդեն   չորս տենդեր կայացել է, եւ հայտնի են սննդամթերքով ապահովող ընկերությունները՝  բացի մսամթերքից :