Հունվարի 3-ից ուժի մեջ են մտել վարկերի կարգափոխումները: Բանկերը, միկրոֆինանսական կազմակերպությունները եւ գրավատները վարկեր կտրամադրեն խստացված պայմաններով:

Օրինակ, եթե ընտանիքի եկամուտը կազմում է 3 000 լարի, 15 տարի ժամկետով վարկի դեպքում ամսական վճարման գումարը չպետք է գերազանցի 1350 լարին, իսկ 5 տարի ժամկետով վարկի դեպքում` 1650 լարին:

Նաեւ սահմանափակվում է բնակարանի գրավով ապահովված վարկի ձեռքբերումը: Դուք չեք կարողանա բանկում գրավ դնել այն բնակարանը, որտեղ դուք ապրում եք, եթե չհաջողվի հաստատել եկամուտները: Փորձագետների կարծիքով, գործակցի բարձրացումը լավ է, սակայն սահմանափակումները կնվազեցնեն վարկառուների քանակը եւ վարկերի ծավալը:

Բարեփոխումների հենց սկզբից ընդդիմությունը դեմ է բանկային կարգափոխումների կիրառմանը: Կառավարության ընդդիմախոսները հայտարարում են, որ բնակչությունը չի կարողանում մարել վերցված պարտքերը՝ չքավորության պատճառով:

«Վրացական երազանքը» համաձայն չէ ընդդիմության քննադատության հետ: Իշխող խումբը ասում է, որ նոր կարգափոխումների արդյունքում՝ քաղաքացիները վարկը չմարելու պատճառով գոնե չեն կորցնի այն տունը, որտեղ նրանք ապրում են: