H1N1 գրիպի վիրուսը արագ տեմպերով տարածվում է Վրաստանում, վիրուսից մահացածների թիվը հասել է 10-ի։ Ախալքալաքում վիրուսը չի գրանցվել, սակայն պաշտպանվելն պարտադիր է։

Ախալքալաքի կլինիկայի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքերով վիրուսը Ախալքալաքում տարածված չէ, սակայն եթե դեպքեր գրանցվի հոսպիտալում, կան բոլոր պայմանները և հակավիրուսային միջոցները։

“Ինչպես գիտեք, ամբողջ Վրաստանում տարածված է H1N1 վիրուսը, փառք Աստծո մեր մոտ գրիպի ոչ մի դեպք չի գրանցվել, սկզբնական շրջանում ում որ պետք է եղել կատարել ենք պատվաստումներ, ամեն դեպքում մենք հիմա էլ պատրաստ ենք դիմակայելու այդ վիրուսին”, – ասաց Ալեքսան Թորոյանը։

Հիվանդությունների վերահսկողության և հասարակական առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի խոսքերով գրիպի H1N1 վիրուսից մահացածների մոտ հայտնաբերվել է նաև այլ հիվանդություններ։ Այդ իսկ պատճառով նա բոլորին հորդորում է հիվանդության հենց սկզբնական շրջաններում անպայման դիմել բժշկի։

«Բոլոր դեպքերում մեզ մոտ բժշկական հաստատություն ուշ են դիմում: Մահացածներից մեկը հղի կին է եղել, մյուսը մի երիտասարդ՝ ծանր թոքաբորբով, ով բուժհաստատություն ուշ էր դիմել, իսկ մնացածի մոտ H1N1 վիրուսը եղել է քրոնիկ հիվանդությանը համընթաց (ուռուցք, սրտի սուր կաթված, գլխուղեղի հետարյունահոսային վիճակ և այլն)», – հայտարարել է Գամղրելիձեն։

Վիրուսի դեմ պայքարելու համար առողջապահության նախարարությունը բնակչության որոշ խմբերին հատկացնում է «Տամիֆլու» հակավիրուսային դեղամիջոցը։ Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոի մեկնաբանմամբ, եթե մինչ այժմ դեղամիջոցն անվճար ստանում էին միայն հղիները և սոցիալապես անապահովները, ապա այսուհետ «Տամիֆլու»-ն անվճար կստանան նաև երեխաները, կենսաթոշակ ստացողները, շաքարախտով, սրտանոթային, ուռուցքային և շնչառական հիվանդություններով տառապող անձինք:

Ախալքաալքում հակավիրուսային դեղամիջոցը հասանելի է Առողջապահության հասարակական կենտրոնում։ Անձը պետք է ներկայացնի հիվանդության «100 ձևաթուղթը», որն էլ նրան պետք է հատկացնի իր բժիշկը։