Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի եկեղեցին փլուզման եզրին է, այս մասին տեղեկացնում է նույն գյուղի բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Հաբեթ Բանդիկյանը:
Մեր «Քաղաքացիական լրագրող» բաժին արդեն երկրորդ անգամ գրում է Հաբեթ Բանդիկյանը: Նա գրում է գյուղի բնակչությանը անհանգստացնող հարցերի շուրջ: Այս անգամ նյութը Գոմանի եկեղեցու մասին է, որը վերանորոգման կարիք ունի, դպրոցահասակ ակտիվ քաղաքացին նաև մտահոգություն է հայտնում գյուղի գերեզմանատան կապակցությամբ:
«Մեր գյուղի եկեղեցին շատ վատ վիճակում է, և այն ենթակա է վերակառուցման: Եկեղեցին կառուցվել է 1847թ., բայց չի զգացել վերակառուցման բերկրանքը: Նույնիսկ բառերով չեմ կարող ներկայացնել եկեղեցին: Եկեղեցու սյուները փթել են, իսկ առաստաղը՝ փլվել: Այնտեղ գտնվելը շատ վտանգավոր է, այն ամեն վայրկյան կարող է փլվել, թեև ես հաճախ եմ այնտեղ լինում: Եկեղեցին գտնվում է շատ հարմար տեղում, այն կանգնած է գյուղի կենտրոնում:
Գերեզմանոցը ևս կարելի է նույն իրավիճակին վերագրել: Սակայն դա մեր հին գերեզմանոցն է, բայց ամեն դեպքում սիրտս ցավում է: Երբ 1830 թ. գյուղը կառուցվեց, այդ գերեզմանոցը գյուղի ծայրամասում էր, բայց հիմա այնքան շատ է մեծացել գյուղը, որ հիմա գտնվում է կենտրոնում: Գերեզմանոցը կարելի է ասել ամայության մեջ է: Շատ շիրիմներ արդեն անցել են հողի տակ, իսկ մի քանիսը դիմանալով մնացել են իրենց տեղում»: