Այս պահի դրությամբ երեկվանից տեղացող առատ ձյան պատճառով դժվարանցանելի է միայն Օլավերդ գյուղի ճանապարհը, սակայն փակ չէ։

Ըստ գյուղերի պատասխանատուների ճանապարհներին ձյուն կա, սակայն դեռ անանցանելի չեն։

“Մեր գյուղը հեռավոր գյուղ է, ձյուն որ անում է միանգամից դժվարություններ են առաջանում։ Ներկա դրությամբ մեր գյուղում մոտավոր 40 սմ ձյուն է նստած։ Մեքենաները գնում գալիս են, մի արահետ է բացված այդ արահետով են գնում գալիս, սպասում եմ, եթե ինչ որ անանցանելիություն լինի կդիմեմ քաղաք, որ մաքրման աշխատանքներ իրականացնեն”, – ասաց Օլավերդ գյուղի պատասխանատու Եսաի Ներսեսյանը։

Փոքր Սամսար գյուղի ճանապարհը մի պահ փակ է եղել գիշերը, երբ որ ձյունը նոր է տեղացել։

«Գիշերը սառույց էր, քանի որ ձյունը նոր էր տեղացել, հիմա ճանապարհը բաց է, սակայն մի քիչ դժվարանցանելի», – ասաց Փոքր Սամսար գյուղի մասնագետ Մուշեղ Ավագյանը։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքերով ճանապարհները վատ վիճակում են գտնվում։

«Գյուղական ճանապարհները վատ վիճակում են, բայց մենք ռեզերվ չունենք: Գիշերվանից աշխատում ենք, աղ-ավազ ենք լցրել քաղաքի փողոցները, քաղաքային այգու շրջակայքն ենք մաքրել, քաղաքը զինվորական ավանին կապող կամուրջը, բայց անօգուտ է, անընդհատ ձյունը գալիս է, իսկ մենք այդքան տեխնիկա չունենք, որ կարողանանք ամբողջովին մաքրել», – ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Իսկ գյուղական ճանապարհների մաքրման պատասխանատու «Վեմ» ընկերության ներկայացուցիչը հավելեց, որ ճանապարհները լավ վիճակում են։

«Բոլոր գյուղերի ճանապարհները լավ վիճակում են, մենք նախօրոք աղ ենք լցրել, փակ ճանապարհ չկա, ոչ մի գյուղից զանգ չենք ստացել: Հիմնականում աղ-ավազ ենք լցրել այն ճանապարհահատվածներում, որտեղ հնարավոր է առաջինը փակվի», – ասաց «Վեմ» ընկերության ներկայացուցիչ Վարդ Մոսոյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասաց, որ ներկա դրությամբ ոչ մի զանգ չեն ստացել գյուղերից ճանապարհների անանցանելիության խնդրի վերաբերյալ։