2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 19 Ախալքալաքում ծնվել է 420 երեխա, որոնցից 21-ը ծնվել են կեսարյան հատման միջոցով։

2017 թվականի ամբողջ տարվա տվյալներով 435 երեխա էր ծնվել: Ախալքալաքի հոսպիտալի գինեկոլոգիայի բաժանմունքի պետ, բժշկուհի Զոյա Ռաիսյանը համոզված է, որ այս տարի նույնպես, մինչև տարեվերջ նույն ցուցանիշը կլինի։

Ախալքալաքում արդեն փոխվել է մարդկանց մտածելակերպը, արդեն շատերը նշանակություն չեն տալիս երեխայի սեռին։ Ըստ բժշկուհու, հիմնականում տղա երեխա են ցանկանում ունենալ այն զույգերը, ովքեր երկու աղջիկ ունեն արդեն։

Բժշկուհի Զոյա Ռաիսյանը ասում է, որ կրթության մակարդակի բարձրացումից, հասարակության տիրապետած բժշկության վերաբերյալ գիտելիքներից և պաշտպանիչ միջոցների մասին տեղեկություն ունենալուց նվազել է հղիության արհեստական ընդհատումների քանակը։ Եթե 2017 թվականին գրանցվել էր հղիության արհեստական ընդհատման 152 դեպք, ապա 2018 թվականին ընդհատում եղել է 137 անգամ:
ststistika
Այս տարի որոշակի խնդիրների պատճառով վիժումների քանակը հասել է 68-ի։

Ախալքալաքի հոսպիտալում երեխաների մահացության դեպք 420 ծնունդից եղել է 1-ը, ծննդաբերության ժամանակ։ Երեք դեպք էլ գրանցվել է, երբ երեխան արդեն մոր արգանդում է մահացած եղել։

“Ոչ մի նորածին հիվանդանոցում չի մահացել, բոլորը դուրս են գրվել։ Լինում են դեպքեր, երբ մեր մոտ ծնված երեխաներին ուղարկում ենք Թբիլիսի, օրինակ օրապակաս երեխաներին կամ ինչ որ խնդիր ունեցողներին: Ուզում եմ շեշտել, որ Թբիլիսի ուղարկած մեր երեխաներից էլ ոչ մեկը չի մահացել և դա շատ լավ ցուցանիշ է ամբողջ Վրաստանով մեկ։ Բոլորն էլ շատ լավ բուժվել և հետ են վերադարձել”, – ասաց բժշկուհի Զոյա Ռաիսյանը։

Մեր շրջանում չբերությունը շատ քիչ է, այս տարի արհեստական բեղմնավորման ոչ մի դեպք չի գրանցվել (էկո), չնայած որ անցած տարի արհեստական հղիությունների թիվը կազմել է 8-ը։

Գայանե Ակոջյան