Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկատվություն են տարածել ՀՀ և Վրաստանի ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինները:
Դեկտեմբերի 18-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գիորգի Գախարիան:
Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:
Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան կարևորեց Հայաստանի պատվիրակության այցը` ընդգծելով, որ մեծ պատիվ է հայ գործընկերների հետ համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ` հանուն երկու երկրների ապահովության ու քաղաքացիների անվտանգության:
Գիորգի Գախարիան հավաստեց, որ վրացական կողմն անում է ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը լինի առավել արդյունավետ և կրկին հաստատեց փոխգործակցության հետագա խորացման ու ընդլայնման պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` կարևորեց հատկապես վերջին տարիների սերտ համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների արդյունքները: Հանցավորությունը չունի ազգություն ու սահմաններ, ընդգծեց Հայաստանի ոստիկանության պետը, և մեր իրավապահ կառույցների գործընկերության վաղեմի ու հարուստ փորձը վկայում է, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր համարժեք հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին` արդարացնելով այն ակնկալիքները, որ իրավապահներից ունի հասարակությունը:
Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: