Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2018 թվականի 11 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների հետ համեմատ, աճել է 18,6%-ով եւ կազմել է ավելի քան 11,3 մլրդ դոլար (բացառությամբ ոչ կազմակերպված առեւտուրի), ասվում է «Սաքստատ» («Վրացստատ») Ազգային վիճակագրական ծառայության նյութերում:
Վրացական ապրանքների արտահանումը 2018 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 24%-ով եւ կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար:
Իսկ 2018 թ. սկզբից ներմուծումը Վրաստան կազմել է շուրջ 8,3 մլրդ դոլար, ինչը 16,8%-ով ավելի է, քան 2017թ.-ի հունվար-նոյեմբերին:
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունում ընդգծում են, որ 2016 թվականից ի վեր Վրաստանում նկատվում է արտահանման աճի տենդենց, իսկ այս տարվա մայիս ամսին գրանցվել է ռեկորդային 50%-ոց աճ:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում արտահանման աճը բացատրում են, մի քանի գործոններով, այդ թվում` վաճառահանման շուկաների աշխարհագրության ընդլայնմամբ:
«Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է արտահանման դիվերսիֆիկացման եւ հետագա աճի վրա: Ազատ առեւտրի ոլորտում կնքված նոր պայմանագրերը նպաստում են վրացական ապրանքների վաճառահանման շուկաների ընդլայնմանը, արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացմանը եւ ստեղծում են արտահանման ներուժի հավելյալ աճի հնարավորություն», – ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում: