Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող այսօրվա ընդդիմության ցույցին, ոստիկանությունը վերահսկելու է իրավակարգը: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ընդդիմական «Ուժը միասնության մեջ է» միավորման կողմից կազմակերպված բողոքի ցույցը սկսվել է այսօր ժամը 15: 00-ին, Ռուսթավելիի պողոտայում: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ապահովել ցուցարարների անվտանգությունը և իրավակարգը:

«Ոստիկանական ուժերը կմոբիլիզացվեն Ռուսթավելիի պողոտա, որոնք օրվա ընթացքում կիրականացնեն պարեկություն՝ որևէ սադրանքներ կանխելու համար, ինչպես նաև ցուցարարների, շարքային քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարությունում:

Դրա հետ մեկտեղ, Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում կազմակերպիչներին «հետևել իրավակարգին և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին»:

«Անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը, օրենքի շրջանակներում, պատրաստ է կանխել հասարակական կարգը խախտող ցանկացած փորձ: Օրենքի շրջանակներում, ցույցի ընթացքում ցանկացած իրավախախտում անմիջապես կկասեցվի », – հաղորդում է գերատեսչությունը: