Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյից, 2019 թվականի բյուջեն գնահատականներով և առաջարկություններով, վերադարձվել է քաղաքապետարան՝ վերանայման:
Նոյեմբերի 22-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղ է ունեցել նիստ, որտեղ քննարկվել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ոչ կոմերցիոն կազմակերպությունների բյուջեն:
Քանի որ կազմակերպությունները սկզբնապես իրենց բյուջեները ներկայացրել էին առանց բացատրությունների և մեկնաբանման, ապա այդ օրը կազմակերպության բոլոր ղեկավարները և հաշվապահները ներկայացրեցին իրենց բյուջեները և բացատրեցին կետերը: Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում:
Արդեն երկու տարի է մանկապարտեզների միավորման բյուջեի մեկ երրորդը մնում է չծախսված տարվա վերջին ամսվա շեմին: Բյուջետա-ֆինանսական հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանի խոսքով, նրանք վերադարձրել են բյուջեն, քանի որ այնտեղ պետք է փոխել որոշ կետեր:
«Մանկապարտեզների միավորում կազմակերպությունը տարեվերջին թողնում է չծախսված բավականին մեծ գումար, որը ծախսում են դեկտեմբեր ամսվա ընթացքում: Եթե կա մնացյալ գումար, դա նշանակում է, որ կամ սխալ պլանավորում է կատարվում, կամ աշխատանքներն են սխալ կազմակերպվում: Մենք այս ամենն առաջարկներով կուղարկենք քաղաքապետարան: Եթե նրանք չեն կարողանում ծախսել, ինչու կրկին այդքան գումար հատկացնենք նրանց, եթե այլ կազմակերպություններ գումարի կարիք ունեն », – ասաց Սեդա Մելքումյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն 2019 թ. կազմում է 9.080.000 լարի: