Ախալքալաքի սեյսմիկ կենտրոնը զբաղվում է երկրակեղևի երկրաֆիզիկական ուսումնասիրությամբ և վիճակին վերաբերող տվյալներն անմիջապես փոխանցում է Թբիլիսի, որտեղ էլ տեղեկատվությունը մշակվում է:

Ախալքալաքում գործող սեյսմիկ կենտրոնը բացված Իլիայի համալսարանի բազայի վրա, երկրակեղևի ուսումնասիման գործում կարևոր դեր է խաղում: Կենտրոնում տեղադրված են երեք տեսակի սարքեր, ներառյալ սարքավորումը, որը չափում է երկրակեղևի դեֆորմացիան: Սարքը ցույց է տալիս երկրակեղևի ուղղահայաց և հորիզոնական շարժման տվյալները, ինչպես նաև հարվածների ուժը: Ազդանշանները փոխանցվում են Թբիլիսի, որտեղ էլ տեղեկատվությունը մշակվում է, որոշվում է էպիկենտրոնը և երկրակեղևի շարժման խորությունը: Սամցխե-Ջավախքի միակ սեյսմիկ կենտրոնը գտնվում է Ախալքալաքում:

C1

Ազգային սեյսմիկ կենտրոնի տնօրեն Թեա Գոգոլաձեի խոսքերով, Վրաստանի լավագույն կենտրոնը գտնվում է Ախալքալաքում: Այս սարքավորումների տվյալների հիման վրա կենտրոնը իրականացնում է գիտական աշխատանքներ օտարերկրյա և տարածաշրջանային գործընկերների հետ:

«Մենք աշխատանքներ ենք վարում Հայաստանի հետ: Շուտով Երևանում կանցկացվի գիտաժողով, մենք կհիշենք նաև Սպիտակի երկրաշարժի 30-ամյակը», – ասաց Թեա Գոգոլաձեն:

1

Յուրա Դարբինյանն աշխատում է Ախալքալաքի սեյսմիկ կենտրոնում: Նրա խոսքերով, Ախալքալաքում ամեն օր տեղի են ունենում երկրակեղևի աննշան շարժումներ, պարզապես մարդը զգում է չորս բալից բարձր հարվածները, երեք բալը զգացվում է հանգիստ իրավիճակում, իսկ ավելի քիչ բալերը մարդիկ չեն զգում:

«Ջավախքում տեղի ունեցող գործընթացները տարբերվում են այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում ամբողջ Կովկասում: Ջավախքում, բացի տեկտոնային երկրաշարժերից, լինում են փոքր երկրաշարժեր, որոնք կապված են Կովկասի մագմատիկ ակտիվ գործունեության հետ, ուստի Ջավախքում ավելի հաճախ է երկրաշարժ տեղի ունենում, քան Կովկասի մնացած մասերում: Օրինակ, այժմ տեկտոնային ակտիվություն նկատվում Ռաճայում: Այնտեղ արդեն 30 տարի է գնում է տեկտոնային ակտիվություն և լինում են տարբեր մագնիտուդայի երկրաշարժեր », – ասաց Թեա Գոգոլաձեն:

2

Ջավախքը Վրաստանի ակտիվ սեյսմիկ գոտիներից մեկն է: Հնարավոր չէ առանձնացնել առավել ակտիվ տարածքներ, չնայած ոմանք համարում են, որ Փոկա և Գանձա գյուղերի շրջաններն ամենակտիվ գոտիներն են: Աբուլ լեռը հանգած հրաբուխ է:

Ախալքալաքում վերջին ուժեղ երկրաշարժը՝ 8 բալ ուժգնությամբ, արձանագրվել է 1986 թվականին:

Թեա Գոգոլաձեի խոսքերով, նրանք Ախալքալաքում սեյսմաբանների և գեոֆիզիկների համար անցկացնում են դասընթացներ և սեմինարներ: Նա մտադիր է նաև թրեյնինգներ կազմակերպել բնակչության համար, սակայն դրա համար առայժմ միջոցներ չունեն:

Շուշան Շիրինյան