Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ինտենսիվ ձնամաքրման աշխատանքների արդյունքում հաջողվել է վերականգնել թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը: Այս մասին հաղորդում են Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունից:

Ուժեղ ձյան եւ ձնահյուսքի թափվելու վտանգի պատճառով երթեւեկությունն արգելափակված էր Կազբեգ-Վերին-Լարսի անցակետի ուղղությամբ՝ ավելի քան երեք օր: Հարյուրավոր վարորդներ եւ ուղեւորներ խրված էին Վրաստանի լեռներում, ովքեր չէին կարողանում շարունակել իրենց ճանապարհը:

Մինչ այժմ, ձյան եւ սառույցի պատճառով, Գուդաուրի-Կոբի հատվածի երթեւեկությունը արգելված է ծանր բեռնատարների համար` կցասայլերով եւ կիսակցասայլերով: Բոլոր մյուս մեքենաների համար ճանապարհը բաց է միայն մեկ ուղղությամբ:

Սահմանված ռեժիմի կանոնակարգումը համակարգվում է պարեկային ոստիկանության կողմից: