Վաղը` նոյեմբերի 18-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի կունենա «Վրացական երազանքի» բարձրաստիճան պաշտոնյաների նախընտրական հանդիպումը՝ բնակչության հետ: Ախալքալաքի եւ Նինոծմինդայի պետական պաշտոնյաներին հայտնել են, որ նրանց ներկայությունը պարտադիր է:
Դեռ մի քանի օր առաջ, Ախալքալաքի դպրոցների տնօրենները բոլոր ուսուցիչներին հայտնել էին, որ նրանք նոյեմբերի 18-ին, ժամը 13:00-ին, լինեն Մշակույթի տանը՝ հնարավոր է ժամանի Կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին:
«Չգիտեմ, թե ինչ հանդիպում է լինելու, բայց ասացին, որ իմ ներկայությունը պարտադիր է», – ասում է Ախալքալաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին (նրա անունը չի հրապարակվում, իր իսկ շահերից ելնելով):
Որոշ ուսուցիչները, ովքեր խնդրել են չներկայանալ այս հանդիպմանը, քանի որ հանգստյան օրերին պլանավորված անձնական գործեր ունեն մերժում են ստացել:
Նինոծմինդայում նույնպես պետական ծառայողներին ասված է, որ հանդիպմանը նրանց ներկայությունը պարտադիր է:
«Ես չգիտեմ, թե ինչ հանդիպում պիտի լինի Ախալքալաքում եւ ում հետ, բայց ես գիտեմ, որ մենք պարտավոր ենք գնալ այդ հանդիպմանը », – ասում է Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման գերատեսչություններից մեկի աշխատակիցը:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել, վաղը հանդիպման ժամանակ կլինեն կառավարության ներկայացուցիչներ, նախարարներ, կամ էլ՝ փոխնախարարներ: Սպասվում է նաեւ, որ ներկա կգտնվի Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:
Հանդիպումը կանցկացվի Ախալքալաքի մշակույթի տան մոտ, հրապարակում։