Արտասահմանում աշխատելու համար գնացած տղամարդկանց կանայք եւ երեխաներն արդեն սպասում են նրանց վերադարձին: Ախալքալաքի մունիցիպալիտետի ընտանիքների 63%-ի հիմնական եկամուտը արտերկրում վաստակած գումարն է:
Jnews-ի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետի մոտ 63% ընտանիքներից արտագնա աշխատանքի է մեկնում առնվազն մեկ մարդ: Արտագնա աշխատանքը, որը տեղացիներն անվանում են խոպան, տարբեր գյուղերում տարբեր է:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 64 գյուղ կա, 5-ը` վրացական, 5-ը՝ խառը (հայ-վրացական), մնացածը` հայաբնակ: Ելնելով տեղանքից, ռեսուրսներից եւ ազգությունից, գյուղերի բնակիչների համար խոպանը տարբեր իմաստ ունի:
Այսպիսով, վրացական գյուղերից արտագնա աշխատանքի են մեկնում շատ ավելի քչերը, քան մյուս գյուղերից, այստեղ ընտանիքների տոկոսը, որտեղից մեկնում են արտագնա աշխատանքի՝ մոտ 20 տոկոս է: Գործատուների աշխարհագրությունը լայն է` Թուրքիա, Լեհաստան, Ղազախստան, Ուկրաինա, բայց նրանց մեծ մասը մեկնում է Թուրքիա: Այստեղ խոպանի գենդերային մասը նույնպես այլ է, արտագնա աշխատանքն ընդունելի է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:
Հայկական գյուղերում խոպանը դա տղամարդկանց բիզնեսն է, կանայք, հիմնականում, չեն գնում արտագնա աշխատանքի, հնարավոր է լինեն մի քանիսը, բայց ոչ մասսայական: Խոպանի աշխարհագրությունն էլ նույնն է, մարդկանց հիմնական հոսքը մեկնում է Ռուսաստան: Թեեւ կան տղամարդկանց խմբեր, ովքեր գնում են Ղազախստան, բայց եթե դուք այդ մասին հարցնեք իրենց ընտանիքներից, նրանք կասեն, որ հայրը կամ ամուսինը մեկնել են արտագնա աշխատանքի Ռուսաստան: Ոչ թե նրանք չգիտեն, պարզապես այդպես ընդունված է, եթե խոպան, ապա նշանակում է Ռուսաստան:
Մեծ գյուղերում, որտեղ ապրում են ավելի քան 200-300 ընտանիքներ, սեզոնային աշխատանքային արտագաղթը մոտ 80% է, իսկ մեծածավալ արոտավայրերով սահմանամերձ գյուղերում, որտեղ զարգացած է անասնաբուծությունը, տոկոսը նվազում է, 10-30 տոկոս է կազմում:
Համաձայն մեր կոպիտ հաշվարկների, տարվա ընթացքում արտագնա աշխատանքի մեկնողները հետները բերում կամ ուղարկում են առնվազն 100 000 000 լարի: