Ընդդիմադիր ակտիվիստ Ռեմո Պողոսյանը հոսպիտալացվել է գլխի երկու վնասվածքով: Նա ասում է, որ ինքն ընկել է, սակայն միասնական ընդդիմության շտաբից ասում են, որ նրան ծեծի են ենթարկել քաղաքական նկատառումներով:

Այսօր, Ռեմո Պողոսյանը, ով նախկինում եղել է Վրաստանի Հայրենասերների դաշինքի ակտիվիստ, իսկ այժմ Միացյալ ազգային շարժման ակտիվիստ է, հոսպիտալացվել է: Մեր հարցին, թե որտեղից է նա ստացել գլխի հատվածում խորը վնասվածքներ, նա ասաց, որ ընկել է և վնասվել:

Միջադեպի մասին մեզ տեղեկացրեց Միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» դաշինքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանը, ով գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ իրենց ակտիվիստին ծեծել են քաղաքական պատճառով:

«Սա քաղաքական ռևանշ է: Միջադեպից հետո նա զանգահարեց ինձ և պատմեց, թե ինչպես են նրան հարցրել « դու հո 5-րդ համարի՞ց ես », և ի պատասխան նրան, որ նա ասել է «այո»՝ սկսել են ծեծի ենթարկել: Իսկ 20 րոպե հետո նա զանգահարեց ինձ և ասաց որ ոչինչ չի եղել: Ամենայն հավանականությամբ, նրա ընտանիքի վրա ճնշում է սկսվել», – ասում է Աշոտ Ռաիսյանը:

Ռեմո Պողոսյանը մասնակցել է հոկտեմբերի 2-ին Ախալքալաքում անկախ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի այցի օրը տեղի ունեցած միջադեպին: Այն ժամանակ նա լրագրողներին ասել էր, որ Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահ դառնալու իրավունք չունի: Ռեմո Պողոսյանը «Ռուսթավի-2» հեռուստաընկերության «Պոստսկրիպտում» ծրագրի ռեսպոդենտերից մեկն էր, որտեղ խոսվում էր կլանային և կոռուպցիոն համակարգի մասին՝ պատգամավոր Հենզել Մկոյանի մասնակցությամբ: