Եվս մեկ վիճելի եկեղեցու՝ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու բակի տապանաքարերը փորում եւ եկեղեցու տարածքից հեռացնում են՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչը դժգոհություն է առաջացրել ոչ միայն հայկական համայնքում:
Ինչպես տեղեկացնում է «Ալիք մեդիա» լրատվական կայքը, Սուրբ Նշան վիճելի եկեղեցու բակի տապանաքարերը տարհանվել են և հայտնվել աղբակույտի մեջ: Ըստ Ալիք Մեդիայի, շինարարական աղբի հետ միասին՝ տապանաքարերը տեղափոխվել են անհայտ ուղղությամբ:
Այս առիթով Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը տեղեկատվություն է տարածել՝ աղբակույտի մեջ նետված գերեզմանաքարերի վերաբերյալ:
«Տեղեկանալով այն մասին, որ Թբիլիսիի հայոց Սբ. Նշան եկեղեցու բակում Կրծանիսի վարչական շրջանի կողմից տարվող կոմունիկացիոն ցանցի աշխատանքների հետևանքով իբր հանված գերեզմանաքարերը հայտնվել են աղբակույտում, Վիրահայոց թեմի աշխատակիցները Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ ներկայացան եկեղեցու մոտ:
Ի պատասխան ժողովրդի մտահոգություններին՝ կապված Սբ. Նշան եկեղեցու մոտ տարվող աշխատանքների, տեղեկացնում ենք, որ գերեզմանաքարերը տեղաշարժված չեն, սովորականի նման գտնվում են իրենց տեղում, աղբը ամբողջությամբ հեռացված է եկեղեցու տարածքից, տարվում են սալիկապատման աշխատանքներ:
Հարակից տարածքում աղբակույտի մեջ հայտնվել են միայն զանգակատան հիմքի սալաքարերը:
Տեղում մեզ հանդիպեցին մաքրման-բարեկարգման աշխատանքներն իրականացնող ՍՊԸ «Ջեորեսետի» աշխատակիցները: Նրանք հայտնեցին, որ իրենք հրահանգ ունեն պատկան մարմիններից գերեզմանաքարերը չտեղաշարժելու և եկեղեցու շինությանը չկպչելու մասին:
Շինարարները խոստացան վաղը մինչև ժամը 12-ը հեռացնել աղբակույտը և սալաքարերը տեղադրել եկեղեցու բակում:
Հավելենք, որ Թեմի ներկայացուցիչերի այցից հետո, Սբ. Նշան եկեղեցի են այցելել Հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչները և կարգադրել են կանգնեցնել բոլոր աշխատանքները: Գործակալությունից հայտնել են, որ ձեռնարկած միջոցների մասին կտեղեկացնեն Թեմին:
Վիրահայոց թեմը բարձր է գնահատում է ժողովրդի վերաբերմունքը իր հոգևոր արժեքների նկատմամբ և իշխանության համապատասխան մարմինների արագ արձագանքը: Տեղեկացնում ենք, որ թեմը ուշադիր և հետևողական է իր սրբավայրերի պահպանության համար»,- ասվում է Վիրահայոց թեմի մամլո ծառայության հայտարարությունում:
Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Նշանը այն վիճելի եկեղեցիներից մեկն է, որը մշտապես գտնվում է ՀԱԵ-ի եւ ՎՈՒԵ-ի հավակնությունների շրջանակներում: Եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Թբիլիսիի «Արծաթե» փողոցում: Եկեղեցին գնտվում է անմխիթար վիճակում: Խորհրդային տարիներին Սբ. Նշանը մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ կնիքվեց և փակվեց, ինչպես մյուս եկեղեցիները՝ ծառայում էր որպես պահեստարան: Եկեղեցու խարխլման պատճառներից մեկը հրդեհն է, ուստի այժմ եկեղեցին համարվում է վթարային: 2007 թվականին Սուրբ Նշանն արժանացավ Վրաստանի կարգավիճակին: 2007 թվականին եկեղեցինստացավՎրաստանի մշակութային ժառանգության կարգավիճակ: