Գումբուրդոյի (Կումուրդոյի) հանրային դպրոցի տնօրեն Արմեն Պոլորչյանը զբաղեցրած պաշտոնից հեռացման դիմում է գրել, ինչպես նա է ասում, առողջական խնդիրների պատճառով: Դպրոցում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով:

Սեպտեմբերի 24-ին Գումբուրդոյում պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը: Նրան մեղադրում են պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, իսկ տնօրենը չի ընդունում մեղադրանքները:

Այսօր, հոկտեմբերի 18-ին Jnews-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արմեն Պոլորչյանն իր հեռացման մասին տեղեկությունը հաստատելով ասաց. «Առողջությունս չի ներում, դրա համար հեռանում եմ: Չեմա հիշում կոնկրետ երբ եմ դիմում գրել, մոտավոր հոկտեմբերի 5-ին կամ 7-ին: Հաստատ եմ որոշել, հեռանում եմ: Գրեթե ամեն օր գյուղից զանգում են և ասում, որ չհեռանամ, իրոք մարդիկ չեն ուզում, որ հեռանամ, մանկավարժական կոլեկտիվն էլ չի ուզում: Ես հաշվի եմ առնում բոլորի կարծիքը, սակայն իմ առողջության հաշվին չեմ կարող մնալ: Բարձր ճնշում ունեմ, ինձ հանգստություն է պետք»,- ասաց Գումբուրդոյի դպրոցի տնօրեն Արմեն Պոլորչյանը:

dproc

Տնօրենը հեռացման դիմումը գրել է մոտավոր 10 օր առաջ Վրաստանի ԿԳ նախարարությանը: Նախարարությունը դիմումին պետք է պատասխանի երեք շաբաթվա ընթացքում:

Դպրոցում դասապրոցեսն ընթանում է նորմալ պայմաններում: Տնօրենի և ուսմասվարի բացակայությունը որևէ կերպ չի անդրադարձել դասերի վրա, ընդհակառակը, մանկավարժները նշում են, որ ինքնակազմակերպվել են և ավելի մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց աշխատանքը:

«Ինքներդ եք տեսնում տնօրենն ու ուսմասվարը տեղում չեն, բայց մենք նորմալ աշխատում ենք, մեր դասղեկները մնում են մինչև դասապրոցեսի ավարտը, ինչպես օրենքով նախատեսված է: Եթե նախկինում ինչ-որ խոչընդոտ կար, մի բացասական բան, այսօր դա էլ է բացառված, որովհետև պատասխանատվությունն է մեծ: Օրինակ բերքահավաքին ամեն տարի մեկ շաբաթ արձակուրդ էինք գնում, այս տարի դաս ենք արել: Մեկս մյուսին օգնելով կազմակերպել ենք, որ դասերը չընդհատվեն: Հանուն մեր աշակերտների, մեր դպրոցի մենք ինքնակազմակերպվել ենք ու գերազանց կատարում ենք մեր աշխատանքը»,- ասում են մանկավարժները:

dasaproces

Գումբուրդոյի հանրային դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ճիշտ որոշում չի համարում տնօրենի հեռացման դիմումը, սակայն եթե տնօրենը որոշել է, իրենք ոչինչ չեն կարող անել:

«Մեր տնօրենը դեռ ազատված չէ, բայց հեռանալու դիմում է գրել, եթե մեզ հարցնեին, մենք չէինք ուզենա, որ նա հեռանար դպրոցից, մեկ սխալով մարդուն չեն կախում: Ինքը հիմա ուղղակի առողջական խնդիր ունի, դրա համար չի եկել, բարձր ճնշում ունի»,- նշում են Գումբուրդոյի հանրային դպրոցի մանկավարժները:

Մանկավարժները մտահոգված են դպրոցում ստեղծված իրավիճակով: Նրանք ուզում են, որ դպրոցի նոր տնօրենն ընտրվի հենց իրենց մանկավարժական կոլեկտիվից:

ashakert

Իսկ, թե ինչ ընթացք կունենա Գումբուրդոյի տնօրենի շուրջ ծավալված իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: Jnews-ը հետևողական կներկայացնի իրադարձությունների ընթացքը:

Աղունիկ Այվազյան