Հետևելով նախընտրական իրավիճակին, և քաղաքականապես շահագրգիռ անձինք և կոնկրետ քաղաքական հայացք չունեցող անձինք կանխատեսում են ընտրությունների երկրորդ փուլ:

Ախալքալաքում մեծամասնությունն անտարբեր է առաջիկա նախագահական ընտրություններին, շատերը նույնիսկ չգիտեին, որ սպասվում է ընտրություններ, այդ մասին շատերն ընտրական պաստառներից են իրազեկվում:

Նախագահական թեկնածուների նման մեծ թվաքանակ երբեք չի եղել, սակայն Ախալքալաքում նախագահական աթոռի համար պայքարը երեք թեկնածուների միջև է՝ Սալոմե Զուրաբիշվիլու, Գրիգոլ Վաշաձեի և Դավիթ Բաքրաձեի:

Սալոմե Զուրաբիշվիլին իր թեկնածությունն առաջադրել է ընտրողների նախաձեռնող խմբի միջոցով, սակայն «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն ակտիվորեն աջակցում է նրան: Գրիգոլ Վաշաձեն առաջադրվել է «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից: Դավիթ Բաքրաձեն՝ « Եվրոպական Վրաստան » կուսակցության կողմից:

Վրաստանի քաղաքական շրջաններում խոսում են հնարավոր երկրորդ փուլի մասին: Ախալքալաքի կուսակցական շտաբերում նույնպես սպասում են, որ կլինի երկրորդ փուլ:

«Ուժը միասնության մեջ է» դաշինքի Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանն ասաց.
«Մենք վստահ ենք, որ Ախալքալաքում 5-րդ համարն անպայման կլինի առաջինը: Եթե մենք չհաղթենք առաջին փուլում, ապա մենք առնվազն առաջին հորիզոնականով կանցնենք երկրորդ փուլ », – ասում է Աշոտ Ռաիսյանը:

«Եվրոպական Վրաստանի» տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Արսեն Կարապետյանը համարում է, որ երկրորդ փուլն անխուսափելի է:
«Հենց առաջին փուլում միանգամից անհնար է, որ որևէ թեկնածու հաղթի: Երկրորդ փուլում մենք անպայման կլինենք և կհաղթենք 99.9% -ով: Երկրորդ փուլում պայքարը որ կուսակցությունների միջև կլինի, հիմա չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ մենք կներառվենք երկրորդ փուլում, իսկ թե ում հետ կպայքարենք՝ կորոշի ընտրողը », – ասաց Արսեն Կարապետյանը:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Նաիրի Իրիցյանը կարծում է, որ մարդիկ քաղաքականապես ազատ են դարձել, և ընդդիմությունը երբեք չի եղել այնպես ազատ, ինչպես այսօր:

«Մենք աշխատում ենք, որ երկրորդ փուլ չլինի, բայց ես կարծում եմ, որ առաջին փուլում որևէ մեկը չի կարողանա հավաքել մեծ տոկոսային քանակ: Մենք մեր տարածաշրջանում մեծ տոկոսային քանակ կստանանք, և կարծում եմ, որ երկրորդ տեղում կլինի 5-րդ համարը, քանի որ նա ունի բյուջե: Հենց համարը, և ոչ թե թեկնածուն՝ Սահակաշվիլու անունի ներքո», – ասում է Նաիրի Իրիցյանը:

Ախալքալաքի բնակիչները, որոնք քաղաքականապես չեզոք են, սակայն հետևում են ընտրական ընթացքին, նույնպես կանխատեսում են երկրորդ փուլ:

«Պայքարը հիմնականում հետևյալ թեկնածուների՝ Բաքրաձեի, Զուրաբիշվիլիի և Վաշաձեի միջև է: Վաշաձեն կանցնի երկրորդ փուլ, ուղղակի 5-րդ համարի անվան տակ, իրեն սակայն չեն ընդունում: Սալոմե Զուրաբիշվիլին կանցնի որպես թեկնածու, ով ունի վարչական աջակցություն: Բաքրաձեն մեր տարածաշրջանում չի անցնի: Չեմ կարող ասել, թե ով ավելի մեծ շանսեր ունի, թեև ես կարծում եմ, որ մեզ մոտ Սալոմեն կհաղթի », – ասում է Արմենը:

Կարել է կանխատեսել տարբեր և շատ բաներ, բայց արդյունքն ինչպիսին կլինի, ցույց կտա հոկտեմբերի 28-ի ընտրությունները:

Շուշան Շիրինյան