Դավիթ Ուսուպաշվիլին ով առաջադրվել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու, 25-ից այն հինգերորդ թեկնածուն է, ով ինչ-որ կերպ փորձում է ձայներ ստանալ Ախալքալաքի ընտրողներից:
Այսօր, ժամը 18: 30-ին Ախալքալաքում, կենտրոնական՝ Ազատության փողոցով անցավ մի մեքենա, որի վրա փակցված էին նախագահի թեկնածու Դավիթ Ուսուպաշվիլիի գովազդային պաստառները: Խոսափողի օգնությամբ մեքենայից հնչում էր ձայն, որը պատմում էր Ուսուպաշվիլիի խոստումների մասին և վրացերենով քարոզում էր բնակիչներին քվեարկել «25» համարի օգտին: Ավտոմեքենան կանգնեց, այնտեղից դուրս եկան մարդիկ և Ուսուպաշվիլիի պաստառները սկեցին փակցնել Մշակույթի տան դիմաց գտնվող շենքի վրա, որտեղ արդեն կային երեք թեկնածուներ (Դավիթ Բաքրաձեն, Գրիգոլ Վաշաձեն, Սալոմե Զուրաբիշվիլին):
Մենք հետաքրքրվեցինք կատարվածով: Պարզվեց, որ այդ բոլոր գործողությունները կատարում է թեկնածուի եղբայրը՝ Գիորգի Ուսուպաշվիլին և նրա օգնականները:
Ախալքալաքում Դավիթ Ուսուպաշվիլին ընտրական շտաբ չունի: Հարցին, թե ինչու են նրանք այստեղ պասիվ, հետևեց հետևյալ պատասխանը.
«Մենք գումար չունենք շտաբի համար: Նա ունի ընդամենը 15.000 լարի: Ահա պատրաստել ենք պաստառներ և վրացերենով թերթ ենք տպագրել, և մենք ցանկացողներին կբաժանենք այն: Նա չունի կուսակցություն, ձևականորեն նա առաջադրվել է Ալասանիայի կուսակցության կողմից, սակայն ընտրություններից հետո նա կստեղծի «Շինարարական շարժում» կուսակցությունը », – ասաց Դավիթ Ուսուպաշվիլիի եղբայրը:
Ախալքալաքում նրանք պաստառներ էին փակցրել նաև քաղաքի մուտքի մոտ, ինչպես նաև կենտրոնական փողոցում: Ախալքալաքից հետո նման քարոզչությամբ նրանք մտադիր են գնալ Նինոծմինդա: Ճանապարհին եղել էին Ախալցխայում և Ասպինձայում:
Շուշան Շիրինյան