«Նոր Վրաստան» քաղաքական պլատֆորմը հայտարարում է, որ 2012 թվականի ընտրություններից հետո Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը բնակարան է նվեր ստացել «Վրացական երազանքի» կողմից: Մառանգոզյանը չի հերքում, որ բնակարան է ստացել, սակայն դա որևէ կապ չունի իր աշխատանքային գործնեության հետ:

Այս հարցի շուրջ պարզաբանումներն են տալիս նաև այն ժամանակվա պաշտոնյաները, ովքեր առնչություն են ունեցել Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահին բնակարան հատկացնելու գործի հետ:

2012 թվականի հոկտեմբերի 26-ին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի որոշմամբ բնակարան է հատկացվել, և Հասմիկ Մառանգոզյանի անունով է գրանցվել դեկտեմբերի 10-ին: Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը չի հերքում, որ 2012 թվականին բնակարան է ստացել նախկին զինվորական ավանում, որն արդեն վաճառել է: Բնակարանը վաճառված է 2018 թվականի օգոստոսի 29-ին:

«Բազան տեղափոխեցին և տները բաժանեցին քաղաքացիներին, ես էլ նույն ձևի քաղաքացի եմ, մենք հայրական տուն չունեինք, ես դիմում եմ գրել և ստացել: Նախ, երբ ես բնակարան եմ ստացել այդ ժամանակ իշխանության են եղել «ազգայինները» (Միացյալ ազգային շարժում), Պետրոսյան Սամվելը դեպուտատ էր: Իսկ Սակրեբուլոն 2010 թվի ազգայիններից ընտրված կազմն էր, նույնն էլ գամգեբելին: Ես բնակարանն ստացել եմ, այս վերջերս էլ ծախել եմ, որովհետև երրորդ հարկ էր, ոտքերս ցավում է, չեմ կարող բարձրանալ ամեն անգամ: Մի հիմար հայտարարել է, մնացածներն էլ գրել են: Հիմա ես ապրում եմ ամուսնուս հայրական տանը, ես այդ տանը չեմ ապրել», – ասաց Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկավ «Վրացական երազանք» կուսակցությունը: Հետաքրքրական է, որ եթե ամբողջ Վրաստանով իշխանափոխություն էր և ղեկին Երազանքի մարդիկ էին, ապա Ախալքալաքում իշխանությունը կրկին պատկանում էր «ազգայիններին»: Միացյալ ազգային շարժում կուսակցության կողմից Ախալքալաքից խորհրդարանի պատգամավոր ընտրվեց Սամվել Պետրոսյանը, ով մունիցիպալիտետի յուրաքանչյուր հարցում որոշիչ դեր ուներ: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների օրը, երբ ընտրատեղամասային հանձնաժողովները նոր էին փակվել, Հասմիկ Մառանգոզյանը բոլորի ներկայությամբ զանգահարեց Սամվել Պետրոսյանին և շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ:

Պետրոսյանը դա նորմալ է համարում, սակայն Jnews-ի հարցին, ինչքանով կապ ունի Հասմիկ Մառանգոզյանի ստացած բնակարանը ընտրություններում իր հաղթանակի հետ նա ասաց.

«Միանշանակ իմացեք, որ ես նրան այդպես շնորհակալություն չեմ հայտնել: Բնակարանի հետ կապված, ես ինքս ոչ մի գործնեություն չեմ ծավալել: Ես ինքս բնակարան չեմ բաժանել, ես ինքս երաշխավորություն ոչ ոքի համար չեմ գրել: Եթե իրեն տվել են ու անօրինական են տվել, ցանկալի կլինի, որ իրավապահ մարմինները զբաղվեն այդ գործով: Ես այն ժամանակ ոստիկանապետ էի և իմ աշխատողների համար, այսօր արդեն չեմ հիշում 4 կամ 5 բնակարանի համար դիմել եմ և բավարարել են», – ասաց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, իսկ այժմ Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

2012 թվականին Սակրեբուլոյի նախագահ էր Համլետ Մովսիսյանը, հենց նրա ստորագրությամբ էր հաստատվել բնակարան տրամադրելու որոշումը:

«Մենք հանձնաժողով ենք ունեցել, հանձնաժողովը որոշել է, ինչպես մյուս քաղաքացիներին, այնպես էլ նրան տվել են: Հանձնաժողովի որոշման հիման վրա նախագահը հրաման է արձակում: Դա եղել է 2012 թվին, ով որ այսօր խոսում է այդ մասին, այդ ժամանակ իրենք էին իշխանության», – ասաց Համլետ Մովսիսյանը:

Նաիրի Իրիցյանը, ով 2012-ին զբաղեցնում էր Ախալքալաքի գամգեբելու պաշտոնը, չհիշեց, թե կոնկրետ ինչի համար են Հասմիկ Մառանգոզյանին Նախկին զինվորական ավանում բնակարան հատկացրել:

«700-ի փաստաթղթերը ես չեմ կարող անգիր հիշել, 6 տարի է անցել: Հանձնաժողովը ներկայացրել է, տեսել է նպատակահարմար է գտել, համաձայնություն է տվել, մենք էլ տվել ենք: Ինչպես մնացած 700 բնակարանները»,- ասաց Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Նախկին զինրվորական ավանում մարդկանց հատկացված բնակարանները տարբեր հիմքերով են հատկացվել: Այն ժամանակ բնակարանների բաժանման նպատակով հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որում ներառված էին մարդիկ Ախալքալաքի Սակրեբուլոյի և Գամգեոբայի աշխատակիցները, իսկ նախագահը՝ Վիտալի Թորոսյանն էր:

Նա մեզ հետ զրույցում նշեց. «10 տարի է անցել, շատ եմ հիշում, պետությունը տվել է: Ես գիտեմ որ, այդ ժամանակ այդ մարդկանց տունը փլվել էր, վառել էր, դրա համար էլ տվել են, հանձնաժողովն է որոշել, ով որ կարիքի մեջ էր, այդ մարդկանց էին տալիս, ով երեք երեխա ուներ, ով միայնակ էր, նման մարդկանց էին տալիս», – ասաց Վիտալի Թորոսյանը:

Թե ինչու Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահի 2012 թվականին ստացած բնակարանը այսօր աղմուկի հիմք հանդիսացավ պարզ է, նախընտրական շրջանում ընդդիմության կողմից քաղաքական դիվիդենդ շահելու համար: Սակայն Նախկին զինվորական ավանի բնակարանների բաշխման հարցը մի այլ խնդիր է…

Աղունիկ Այվազյան