Ախալքալաքում վնասված տեխնիկայի սեփականատերերը փոխհատուցման համար, որոշեցին դիմել «Energo Pro Georgia» էլեկտրաէներգիայի մատակարարման ընկերությանը, սակայն դիմելու համար նրանք դեռ պետք է գումար ծախսեն:
Ինչպես գրել էր jnews-ը, հոկտեմբերի 3-ին Ախալքալաքի որոշ բնակիչների կենցաղային տեխնիկան վնասվել էր: Նրանք կարծում են, որ դրա պատճառը էլեկտրաէներգիայի լարման անկումն է, համապատասխանաբար, մեղքը էլեկտրաէներգիայի մատակարարման ընկերությանն է պատկանում: «Վնասվում է Ախալքալաքի բնակիչների կենցաղային տեխնիկան» նյութից հետո, որտեղ խոսվում էր հնարավոր փոխհատուցման մասին, տուժածներից ոմանք որոշել են փոխհատուցում պահանջել:
Տուժածներից երեքը դիմումով դիմել են «Energo Pro Georgia»-ին: Դիմումից բացի, նրանցից պահանջել են տեխնիակայի փաստաթղթերը և փաստաթուղթ, որտեղ վարպետը պատրաստ է պատասխանատվություն վերցնել կատարած փորձաքննության համար:
Տուժածներից ոմանք, ինքնուրույն են փոխել վնասված տեխնիկայի մասերը:
Ալբերտ Քթոյանի տանը այդ օրը այրվել էր ջեռուցման համակարգը, համակարգիչը և լվացքի մեքենան: Եթե ջեռուցման համակարգի և համակարգչի վերանորոգման համար ծախսվել էր 50 լարի, լվացքի մեքենայի վերանորոգումը շատ ավելի թանկ կլինի:
«Քչերն են պահում տեխնիկայի փաստաթղթերը, որը ձեռք են բերել շատ տարիներ առաջ: Մեր տանը երեխաներ կան, բնականաբար, ոչինչ չի պահպանվել: Նրանք նաև ասում են, որ ձեր մոտ այդտեղ Samsung- ի կենտրոն չկա, տեխնիկան տարեք Թբիլիսի, թող այնտեղ հետազոտություն կատարեն: Լավ, ես դեմ չեմ: Իսկ դուք կվճարե՞ք իմ ուղևորության համար: Լվացքի մեքենան, ինչպե՞ս եք պատկերացնում, հասարակական տրանսպորտով պիտի տեղափոխեմ: Չէ՞ որ անհրաժեշտ է ավտոմեքենա, վառելիքի համար գումար, գումար հյուրանոցի և սննդի համար: Ի՞սկ ետ վերադառնալու համար », – ասում է Ալբերտ Քթոյանը:
Մամիկոն Մինասյանի տանը այրվել են համակարգիչը և հեռուստացույցը, որոնք անհնար է վերանորոգել:
«Նրանք մեզ մոտ էլ էին եկել, բայց ես տանը չէի: Եթե նախապես ասել են, որ փոխհատուցումը ստացել է միայն մեկ անձ, ուրեմն էլ ի՞նչ իմաստ կա նրանց դիմելու: Ի՞նչու այդքան տանջվենք », – ասում է Մամիկոն Մինասյանը:
Իզաբելլա Գուլանյանի տանը այրվել է սառնարանը, լվացքի մեքենան, համակարգիչը, հեռուստացույցը և թվային հեռուստաընդունիչը: Համակարգիչից և հեռուստացույցից բացի, մնացածը սեփականատերերին հաջողվել է վերանորոգել:
«Ասում են, թող վարպետը առձեռն գրի: Մեզ մոտ ոչ մի վարպետ պատասխանատվությունը իր վրա չի վերցնի, քանի որ նրանք աշխատում են կանխիկ վճարմամբ: Դրամարկղային մեքենայով ոչ մի վարպետ չի աշխատում: Հետո մեզ ասում են, որ գումարն առձեռն չենք տալու, մենք այն կփոխանցենք ձեր հաշվեհամարին», – պատմում է Իզաբելլա Գուլանյանի որդին՝ Ռոբերտ Բերիկյանը:
«Energo Pro Georgia»-ում պնդում են, որպիսի ընկերությունը փոխհատուցի վնասը, անհրաժեշտ են ապացույցներ, որ սարքավորումը վնասվել է ընկերության մեղքով: Դրա համար, բաժանորդներին որպես ապացուց անհրաժեշտ է վարպետի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը: Ընկերությունը չի կարող փոխհատուցել փորձաքննության հետ կապված ծախսերը: