Ինչ նմանություն և առանձնահատկություն ունի ժողովրդագրությունը Հայաստանում և Վրաստանում:

jnews-ը ուսումնասիրել և համեմատել է երկու երկրների ժողովրդագրությունը: Առավել հետաքրքիր մանրամասները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Ուսումնասիրությունը կատարել ենք IndexMundi վիճակագրությունների պորտալից:

2017 թվականի հուլիսի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմում է 3,045,191, իսկ Վրաստանինը՝ 4,926,330 մարդ։

Կյանքի միջին տևողությունը Վրաստանում 76,4 տարի է, իսկ Հայաստանում 74,9:

Հետաքրքիր է, չնայած Վրաստանում պայքարում են կանանց հավասար իրավունքների համար, սակայն նրանց կյանքի վիճակը տարածաշրջանում, ըստ այս տվյալների, լավագույնն է: Այսպիսով, եթե Հայաստանում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում է 71,6 տարի (միջին տարիքը՝ 33,3 տարեկան), իսկ կանանց կյանքի տևողությունը 78,5 տարի (միջին տարիքը՝ 36,9), ապա Վրաստանում տղամարդկանց կյանիքի տևողությունը կազմում է 72,3 տարի (միջին տարիքը՝ 35,3 տարեկան), իսկ կանանց կյանքի տևողությունը՝ 80,7 տարի (միջին տարիքը 40,9 տարեկան):

Բնակչության աճի տեմպով առաջատարը Վրաստանն է՝ -0,02%, իսկ Հայաստանը՝ -0.21%: Երկու կովկասյան երկրների միջև ծնելիությունը չնչին տարբերություն ունի, Վրաստանում 12.3 ծնունդ/1000 բնակչություն, իսկ Հայաստանում՝ 12.9 ծնունդ/1000 բնակչություն։

Մահացությունը Վրաստանում ավելի բարձր ցուցանիշ ունի, 2017թ․ տվյալներով 10.9 մահ/1000 բնակչություն, իսկ Հայաստանում գրանցվել է 9.4 մահ/1000 բնակչություն։ Մանկական մահացության ցուցանիշը նույնպես Վրաստանում բարձր է քան Հայաստանում, ընդհանուր 15.2\1000 բնակչություն, իսկ Հայաստնում 12.7\1000 բնակչություն: Երկու երկրներում էլ տղա երեխաների մահացությունը ավելի բարձր է, քան աղջիկների:

Վրաստանում և Հայաստանում համընկնում է մայրերի միջին տարիքը, ովքեր առաջին անգամ են մայրանում՝ 24 տարեկանն է։

Ինչ խոսք, երկու երկրներում էլ գաղթը մշտական բնույթ է կրում, սակայն այս դեպքում առաջատար է Հայաստանը, 5.7 միգրանտ/1000 բնակչից, Վրաստանից գաղթողների քանակը ավելի քիչ է՝ 1.6 միգրանտ/1000 բնակչից։

Հայաստան-Վրաստան մեր համեմատությունները տարբեր ոլորտներում լինելու են շարունակական:

Գայանե Ակոջյան