Ապրիլի 30-ին, Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում բացվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին 5 նկարիչների ստեղծագործություններ, որոնցում հեղինակները ամենատարբեր մոտեցումներով արտահայտել են հայի անցած ուղին:
Նկարիչ Կառլեն Կարապետյանի նկարներում հիմնականում սգացող, տառապանքի միջով անցած, սակայն հույսով լի կանայք են: «Նկարում երկու ախալքալաքցի կանայք են, որոնք նստած են դեմ դիմաց, տեսել են գաղթ ու եղեռն: Անցել են 1918-21 թվականները, կորցրել են հարազատներին: Նկարի վերնագիրն է «Չվերադարձան», այսինքն մի կնոջ որդիները չեն վերադարձել պատերազմից, մյուսինը՝ ամուսինը, վերջինս դեմքի մի թեթև հույս կա, որ կարող է մի օր վերադառնա»,- հեղինակն ահա այսպես մեկնաբանեց իր նկարը:
Վերջինս իր նկարներում կնոջ միջոցով արտահայտում է հայ ժողովրդի ողբերգությունը, պատկերլով հայի տառապանքը, ողբը և վերածնունդը:
Հայկազուն Ղարագուլյանը նկարել է Կոմիտասին, կտավը կոչվում է «100-ամյա վերք»: «Կոմիտասի ձեռքին վիրավոր աղունիկն է, որն արդեն պետք է 100 տարի անց թռչի և խաղաղություն պարգևի ամբողջ աշխարհին, իսկ երկրորդը փրկվողներն են՝ հույսը, լույսը ու ապագան»,- ասաց գեղանկարիչ Հայկազուն Ղարագուլյանը:
Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ոճի ու պատկերազարդման կտավներ: Գեղանկարիչ Մնացական Ղալաչյանը ցուցահանդեսին ներկայացել է 4 աբստրակ ոճի նկարներով, որոնցից երկուսում թախիծ ու տրտմություն է արտահայտում, իսկ մյուսներում հայի լուսաշող ապագան:
«Գույների, գծերի միջոցով փորձել եմ արտահայտել իմ հոգեվիճակը: Այս նկարում մայրամուտի տեսարան է: Սիմվոլիկ է, եղեռնի զոհերը մայրամուտ ապրեցին՝ իրենց կյանքի արշալույսին»,- նշեց Մնացական Ղալաչյանը, հավելելով, որ նկարն ավարտելուց հետո մտքում անընդհատ Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերն են եղել.
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․
Աղունիկ Այվազյան