Այսօր, սեպտեմբերի վերջին աշխատանքային օրը, Ախալքալաքի Սակրեբուլոյում տեղի ունեցավ բյուրոյի և Ժողովի լիագումար նիստ: Հաստատման ներկայացված 3 հարցերը առանց լուրջ քննարկման և ձայների մեծամասնությամբ ընդունվեց նիստին ներկա պատգամավորների կողմից:

Առավոտյան 11:00-ին սկսվեց բյուրոյի նիստը, որին ներկա էին 11 անդամ: Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ներկայացրեց 2019 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող նախագծերը: Բյուրոյի անդամները այս հարցի շուրջ միասնական էին: Հարցը միաձայն քվեարկությամբ անցավ Ժողովի հաստատմանը:

byuro

Երկրորդ հարցը վերաբերում էր Ճավճավաձե փողոցի վրա գտնվող տարածքը (6,5 մետր/ քառակուսի) և շուկայի տարածքում գտնվող շինությունը 40 մ քառակուսի վարձակալությամբ տալուն: Բյուրոյի անդամները այս հարցի շուրջ միակարծիք չէին, ի վերջո հարցը 6 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով դրվեց Ժողովի քննարկմանը:

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը պարզաբանեց. «Որպեսզի իրավունք ունենան ուղիղ կարգով պայմանագիր կնքելու: Չարենց փողոցի վրա վարձակալությամբ տալ 6,5 մետր/ քառակուսի տարածք կոշկակարին: Ժամանակին շուկան վարձակալությամբ էինք տվել, հետո մարդիկ անօրեն շինություն էին կառուցել այդ տարածքի վրա: Քաղաքապետարանն այդ շինությունը սեփականաշնորհել է, որպես շրջանի սեփականություն: Հիմա թույլտվություն է պետք, որ այդ տարածքը ուղիղ պայմանագրով վարձակալությամբ տան հենց շինությունը կառուցողին»:

Երրորդ հարցը տեխնիկական էր: Ախալքալաքի մունիցիպալիտետի գենդերային հավասարության խորհրդի 2018-2019 թթ. գործնական պլանի վերնագրում փոփոխություն մտցնելու մասին:

Բյուրոյի քննարկմանը ներկայացված բոլոր 3 հարցերը քվեարկությամբ անցավ լիագումար նիստի օրակարգ:

Ժողովի նիստն սկսվեց նախատեսվածից 10 րոպե ուշ և տևեց ընդամենը 20 րոպե:

Ընդդիմադիր պատգամավոր Սամվել Պետրոսյանը ձայնի իրավունք խնդրեց նախքան նիստի սկսվելը: Վերջինս ժողովականներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Աբխազիայի պատերազմի զոհերի հիշատակը: Բոլորի համաձայնությամբ ներկաները հոտնկայս հարգեցին 27 տարի առաջ զոհված մարդկանց հիշատակը:

liagumar nist

Այնուհետև քաղաքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարները նիստի հաստատմանը ներկայացրին վերոնշյալ երեք հարցերը: Նիստին ներկա պատգամավորները առանց որևէ հարցադրման կամ քննարկման միաձայն ընդունեցին ներկայացված հարցերը:

Նիստը երկարաձգվեց միայն այն պատճառով, որ «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավոր Սամվել Պետրոսյան ժողովականների ուշադրությանը ներկայացրեց վերջերս պետականորեն օրինականացված մարիխուանայի վնասակար հետևանքների մասին: Ինչպես նաև բարձրաձայնեց Ախալքալաքի շրջանում բնական աղետից տուժած գյուղատնտեսների խնդիրները, որոնք այդպես էլ պետական աջակցություն չստացան:

Աղունիկ Այվազյան