Չնայած այն հանգամանքին, որ շատերը բնական աղետների պատճառով հողագործության մեջ անհաջողություն են ունենում, սակայն բնակիչները չեն ապահովագրում իրենց բերքը, իսկ ովքեր էլ որ փորձում են ապահովագրությունը, հիմնականում դժգոհ են:
Արդեն մի քանի տարի է գյուղատնտեսության ոլորտում գործող ապահովագրական ընկերություններն աշխատում են Ախալքալաքի շրջանում, սակայն ոչ բոլորն ունեն այստեղ իրենց ներկայացուցչությունը: Որոշ ընկերության ներկայացուցիչներ գալիս են Ախալցխայից:
Ախալքալաքի շրջանում այս տարի աշխատել են ընդամենը երեք ապահովագրական ընկերություն՝ «Ալդագի», «Այ Սի գրուպ» և «Իռաո»: Շրջանում ներկայացուցչություն ունի միայն «Ալդագի» ընկերությունը: Մյուս երկու ընկերություններն իրենց երկայացուցչություն բացել են Ախալցխայում:
Ախալքալաքի շրջանում ապահովագրության պրոցեսը անարդյունավետ է: Մեր դիտարկումների համաձայն, ֆերմերները հիմնականում չեն ցանկանում բերքը ապահովագրել երկու պատճառով՝ չեն վստահում ընկերություններին կամ չեն ուզում փող ծախսել, հույս ունենալով, որ կարկուտը «կշրջանցի» իրենց դաշտերը:
Այս տարի երկու անգամ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններին, հատկապես Մուրջախեթ, Խոսպիո, Աբուլ, Գոնդուրա, Գանձա, Փոկա, Արագյալ և մի շարք այլ գյուղերի:
Վարդևան Մարգարյանը Մուրջախեթ գյուղից է: Մեր հարցին, թե ինչու չի ապահովագրել իր բերքը, կատակով ասում է, որ այս տարի իրենց գյուղը ապահովագրական ընկերություններին փրկեց սնանկությունից:
«Եթե այս տարի բոլորը ապահովագրեին, նրանք կսնանկանային, քանի որ այս տարի շատերի բերքը վնասեց կարկուտը, և ոչ թե փոքր տարածքներ, այլ հեկտարներով: Մեր գյուղում կարող եմ ասել, որ 99% -ն չեն ապահովագրել: Հնարավորություն չունեն: Անցյալ տարի մենք չկարողացանք վաճառել բերքը, ոչ մի շահույթ չստացանք, ինչպես կարող էինք այս տարի ապահովագրել մեր բերքը: Մենք գումար չունեինք », ասում է Վարդևան Մարգարյանը:
Խոսպիո գյուղից Ռոբերտ Կարագուլյանը նույնպես փող չունենալու պատճառով չի ապահովագրել:
«2.80 հեկտար գարի էի ցանել և շատ բերք էի ակնկալում՝ 9 տոննա, բայց կարկուտը ամեն ինչ վնասեց: Տուն բերեցի 9 պարկ », – ասում է Ռոբերտ Կարագուլյանը:
Արտակ Բարեկյանը Խոսպիո գյուղից այս տարի ապահովագրել էր իր բերքի կեսը և դժգոհ է ապահովագրությունից:
«Նրանք եկան միայն 20 օր անց, երբ ես արդեն որոշ չափով դաշտերը վիտամիններով վերականգնել էի: Կարկուտը այս տարի 2 անգամ խփել է իմ դաշտերին: Նրանք եկան գրեցին 20%, այն էլ գործակալները ասացին, որ 10% -ը պետք է տրվի նրանց, շրջանում մնացած օրերի ապրուստի և սննդի համար: Ստացվում է 10%, իսկ իմ կողքը կարկուտը վնասել էր մեկի ճակնդեղի դաշտերը, գրեցին 52%: Հետո էլ ասացին, որ վճարելու են նոյեմբերին կամ հունվարին: Ես երդվել եմ, որ այլևս կարտոֆիլ չեմ ցանելու: Մոսկվայում ասֆալտ փռելով ես ավելի շատ կաշխատեի », – ասում է Արտակ Բարեկյանը:
Անդրանիկ Անտոնյանը Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղից է: Նա ցանել է 7 հեկտար կարտոֆիլ և գարի, որը կարկուտը փչացրեց:
«Այս տարի ապահովագրել եմ իմ բերքը, բայց հաջորդ տարի չեմ անելու: Առաջին հերթին նրանք ուշ են գալիս, և նորմալ չեն գնահատում այն », – ասում է Անդրանիկ Անտոնյանը:
Բերքի ապահովագրությունը պետական ծրագիր է: Ապահովագրական գումարից պետությունն ապահովագրական ընկերությանը վճարում է 70% -ը, իսկ 30%՝ հողի սեփականատերը: Ախալքալաքի շրջանում բոլոր ընկերությունները բերքն ապահովագրում են կարկուտից, ջրհեղեղից, աշնանային ցրտից և փոթորկից:
Պետական ագրարային ապահովագրության ծրագիրն արդեն 4 տարի գործում է, սակայն Ախալքալաքի շրջանում դրանից օգտվում են քչերը:
Շուշան Շիրինյան