Ջավախքի հայկական դպրոցների գլխավոր հիմնախնդիրներից մեկը՝ մայրենի լեզվի և գրականության դասագրքերի բացակայությունն է կամ հնամաշ վիճակը։ 2014-2015 ուսումնական տարում Ջավախքի երեխաները այդպես էլ նոր դասագրքեր չստացան:
Էխտիլա գյուղի դպրոցը ոչ միայն դասագրքերի պակասություն ունի, այլև հայոց լեզվի և գրականության լավ մասնագետի:
«Հայաստանից ներմուծվող գրքերի խնդիր ունենք, հաճելի կլինի, որ ստանանք նոր գրքեր: Վերջին անգամ անցած տարի ենք հայոց լեզվի դասագրքեր ստացել շատ քիչ քանակությամբ 10 լեզու և 10 գրականության գրքեր, որը շատ քիչ է աշակերտների համար: Երկու աշակերտին մի գիրք ենք տվել, որը ցանկալի չէ, մանավանդ բարձր դասարանի աշակերտների դեպքում: Թեմաները ծավալուն են և աշակերտի համար շատ դժվար է սովորել: Ստացել ենք միայն 10, 11 և 12 դասարանների գրքեր»,- նշեց դպրոցի տնօրեն՝ Վանուհի Ավագյանը, հավելելով, որ դպրոցն այլ խնդիրներ ևս ունի.
«Լավ մասնագետների կարիք ունենք, հայոց լեզվի և գրականության, անգլերենի, ֆիզկուլտուրայի մասնագետ չունենք»:
Իսկ Դադեշ գյուղի դպրոցի տնօրենի խոսքերով բոլոր աշակերտները ունեն հայոց լեզվի և գրականության դասագրքեր, սակայն դրանք արդեն հնամաշ վիճակում են:
Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի թիվ 1 հայկական դպրոցը ևս դասագրքերով ապահովված չէ:
«Մենք անցած տարի դասագիրք ստացանք, լեզվի և գրականության առաջին դասարաններում շատ քիչ ստացանք, տարրականում ընդհանրապես չկար, միջին դասարաններում նույնպես քիչ էր, յուրաքանչյուր դասարանի 5-6 գիրք հասավ, 10, 11, 12 դասարաններում լրիվ ստացել ենք»,- ասաց դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը:
Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղի դպրոցը դասագրքերով ամբողջովին ապահովված է, սակայն.
«Բացի դասագրքերից մենք չենք ստանում ոչ մի ուղեցույց, մեթոդական գրականություն, կողմնակի նյութեր, իսկ այսօր երբ Հայաստանում տեսնում ենք որքան են շատացել օժանդակ նյութերը, տետրերը, շատ շատ ափսոսում ենք, որ մեր երեխաները չեն կարող օգտվել այդ ամենից»,- ասաց դպրոցի տնօրենը:
«Մայրենի լեզվի գրքեր չենք ստացել: Մեր աշակերտները գրեթե ապահովված են լեզվի դասագրքերով: Ճիշտ է հնամաշ են, կան դասարաններ, որ 3 աշակերտի մի դասագիրք է հասել: Օր. 8-րդ դասարանում 11 աշակերտ ունենք, նրանցից միայն 7 ունեն դասագիրք»,- ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Մ-յանը:
Ուսումասիրելով շուրջ 10 դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասագրքերի հետ կապված խնդիրները պարզ դարձավ, որ դպրոցները կիսով չափ են ապահովված դասագրքերով:
Ջավախքի հայկական դպրոցներն ամեն տարի հայոց լեզվի և գրականության դասագրքերն ստանում են Հայաստանի հանրապետության ԿԳ նախարարությունից: 2014-2015 ուսումնական տարվա սկզբից Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունները դեռ բանակցում են Վրաստանի հայկական դպրոցների հայոց լեզվի և գրականության դասագրքերի Հայաստանից ստանալու շուրջ, մինչդեռ ուսումնական տարին մոտենում է իր ավարտին:
Աղունիկ Այվազյան