Վրաստանում բոլոր պատվաստանյութերն ամենաբարձր որակի են և պատվաստումներից հետո բարդությունների դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն:

Մինչ օրս Վրաստանում երեխաներին պատվաստում են ըստ ծնողների ցանկության: Սակայն պատվաստումը շուտով կարող է դառնալ պարտադիր, քանի որ որոշ ծնողներ անտեսում են Առողջապահության նախարարության կոչերը: «Հանրային առողջության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն արդեն քննարկվում է Վրաստանի խորհրդարանում: Հաստատվելու դեպքում պատվաստումը կկատարվի ազգային օրացույցի համաձայն:

«Վրաստանում պատվաստանյութերը անվճար են ոչ միայն բնակչության սոցիալապես անապահով խավերի համար, այլև բոլոր երեխաների համար: Այդ պատվաստանյութերը ամենաբարձր որակի են: Այդ պատվաստանյութերի մեծ մասը օգտագործվում է ԵՄ երկրներում », – հայտարարել է Իմնաձեն:

Նրա խոսքերով, 1990-ական թվականներից սկսած Վրաստանում պատվաստումներից հետո բարդությունների կամ վարակների դեպքեր չի արձանագրվել:

Պատվաստումների հարցն արդիական դարձավ, երբ Վրաստանում 2017թ.-ի օգոստոսին տեղի ունեցավ կարմրուկի համաճարակի բռնկում: Այն սկսվեց երկրի արևմուտքում՝ Գուրիայի շրջանում, իսկ հետո՝ Աջարիայում: 2018 թվականին կարմրուկի դեպքերն արդեն գրանցվեցին ամբողջ երկրում:

Ներկայումս Վրաստանը Եվրոպայի յոթ երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը, որտեղ վերջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է կարմրուկի ավելի քան հազար դեպք:

Մի շարք վրացի փորձագետներ վախենում են, որ երկրի կես միլիոն քաղաքացիներ կարող են կարմրուկով վարակվել: Ըստ նրանց տվյալների, երկրի բնակչության ավելի քան 10% -ը, 20-ից 40 տարեկանները հիվանդության դեմ իմունիտետ չունեն:

Չնայած այն բանին, որ վրացի բժիշկները կոչ են անում ծնողներին լուրջ վերաբերվել պատվաստումներին, և ոչ մի դեպքում բաց չթողնել դրանք, Վրաստանում երեխաների մոտ 10 % այդպես էլ չանցան պատվաստում:

Չի բացառվում, որ մոտ ապագայում Վրաստանի դպրոցներն ու մանկապարտեզները չնդունեն չպատվաստված երեխաներին:

Նյութը Новости Грузия-ից