Նորաստեղծ «Լեյլի» երգի անսամբլը «Կարոտիս թևերով» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես եկավ Ջավախքում:

Սա անսամբլի առաջին համերգային շրջագայությունն է Ջավախքի գյուղերում: Բալխո, Խանդո, Վաչիան, Մեծ Գոնդուրա, Դամալա գյուղերում մարդիկ 5 օր շարունակ հնարավորություն ունեին ունկնդրելու հայկական ժողովրդական ու աշուղական երգեր:

Leyli ansambl

«Լեյլի» անսամբլի տնօրենն է աշուղ Լեյլին, ով ծնունդով Ջավախքից է, իսկ գեղարվեստական ղեկավարն է Գրիգոր Դանիելյանը:
Անսամբլի երիտասարդ երգիչ Վրեժ Գրիգորյանի խոսքերով «Լեյլի» անսամբլի առաջին համերգային ծրագիրը Ջավախքում հաջողվեց:

«Մարդիկ շատ ոգևորված ու ուրախ ընդունեցին, զգացվում է, որ ժողովրդական, հայրենասիրական երգերի կարիքն ունեն: Սա մեր առաջին համերգն էր Ջավախքում և կարծում եմ այն հաջողված էր: Անսամբլը ծրագրում է առաջիկայում նոր երգացանկով ու ծավալուն ծրագրով հանդես գալ Ջավախքում»,- ասաց Վրեժ Գրիգորյանը, ով նույնպես Ջավախքից է:

«Կարոտիս թևերով» խորագիրը պատահական չէ ընտրված. «Ջավախքիս կարոտով, շատ ենք կարոտել դրա համար պետք է անպայման գայինք: Դուք տեսնեիք Բալխո գյուղում մատաղ սերունդը ինչպես էր «պահանջում» չդադարեցնել համերգը: Պարում էին մեծից փոքրը, չէին «կշտանում» երգերից»,- պատմեց աշուղ Լեյլին, հավելելով, որ դրսում ապրող յուրաքանչյուր ջավախքցի սրբազան պարտք ունի Ջավախքին:

hamerg1

Աղունիկ Այվազյան