Ախալքալաքի հիվանդանոցում սույն թվականի սեպտեմբեր ամսին պետք է հեմոդիալիզի կենտրոն բացվեր, որ սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները ստիպված չլինեին շաբաթը 3 անգամ գնալ այլ քաղաքներ այդ ծառայությունը ստանալու համար: Սակայն կենտրոնը չի բացվել և պարզ չէ, թե երբ կբացվի:
Ախալքալաքի հիվանդանոցում քրոնիկ երիկամային անբավարարությունով 32 հիվանդ է գրանցված, շատերը ընտանիքներով տեղափոխվել են այլ քաղաքներ և երկրներ, որպեսզի կարողանան օգտվել «արհեստական երիկամ»-ից:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը 2018 թվականի հուլիսի 1-ին, մեր հետ զրույցում նշել էր, որ 2-3 ամսից, այսինքն՝ սեպտեմբեր ամսին արդեն հիվանդները կկարողանան Ախալքալաքում անցնել բուժում։
Այսօր անսպասելի խնդիրներ են առաջացել։ Հիվանդանոցում չկա համապատասխան քանակի սենյակ սարքավորումները տեղադրելու համար: Հիվանդանոցի ղեկավարությունը դիմել է «Բժշկական շտապ օգնության կենտրոնին», որպեսզի հիվանդանոցի մոտ գտնվող իրենց շինությունը տրամադրեն հիվանդանոցին, իսկ փոխարենը հիվանդանոցը իրենց կտրամադրի ազատ տարածք, որպեսզի Շտապ օգնության համար նոր շենք կառուցեն։
«Պետության կողմից նախատեսված էր շտապ օգնության շենքի տեղափոխում մի այլ մասնաշենք, որն էլ նոր կկառուցվեր: Մունիցիպալիտետը պետք է հայտարարեր տենդեր-մրցույթ կառուցման համար։ Այդ շենքը (Շտապ օգնության) պետք է տային մեզ, այսինքն «Էվեքսին», քանի որ այդ շենքը մունիցիպալիտետի բալանսին է։ Մենք էլ իրենց տրամադրելու էինք նույն չափսի տարածք, որպեսզի նոր շենք կառուցեին։ Երեք-չորս ամիս բանակցելուց հետո եկանք ընդհանուր հայտարարի, հետո մունիցիպալիտետի կողմից ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը հետաձգվեց, ասացին, որ Շտապ օգնության ծառայության կենտրոնը չի ցանկանում այդ տարածքում շենք կառուցել։ Մենք իզուր կորցրինք այդքան ժամանակ», – ասաց Ալեքսանդր Թորոյանը։
Նրա խոսքերով, հեմոդիալիզի 5-6 սարքավորումներ «Էվեքս» ընկերությունը արդեն ձեռք է բերել, և դրանք հիմա Թբիլիսիում են: Չնայած առաջացած խնդրին, ծրագիրը ուժի մեջ է, փաստաթղթերը ներկայացված և հաստատված են, մնում է լուծել մասնաշենքի հարցը։
Հեմոդիալիզի բուժման ծառայությունով ապահովելու համար բավականին մեծ տարածք է հարկավոր, ֆիլտրացիոն սենյակ, որտեղ էլ ջրերը և բոլոր հեղուկներն կֆիլտրացվեն, պոմպերի սենյակ։ Հիվանդների համար պետք է ստեղծել հանդերձարան և հանգստյան սենյակներ։
Հարցի լուծման ուղիների մասին փորձեցինք ճշտել քաղաքապետ Յուրիկ Ունանյանից։
«Ես գիտեմ, որ այդ շինարարական աշխատանքները ոչ միայն Ախալքալաքում, այլ ամբողջ տարածաշրջանում է կանգնեցված։ Սակայն մենք պատրաստակամ ենք նորից դիմել Առողջապահության նախարարությանը տեղեկանալու համար, թե ինչն է խնդիրը, որ կասեցվեց շինարարական աշխատաքները», – ասաց քաղաքապետը։
Մենք դիմեցինք “Բժշկական շտամ օգնության կենտրոնին”, այնտեղից մեզ տեղեկացրին, որ այդ հարցը իրենց չի վերաբերում։ Խնդրի մասին փորձեցինք իմանալ Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը, նրանք պահանջեցին գրավոր դիմում: Դիմումը ներկայացրել ենք և սպասում ենք պատասխանի, որի մասին էլ կտեղեկացնենք Ձեզ մեր հետագա հոդվածներում։
Գայանե Ակոջյան